Պարզվում է Մոսկվայում` Սեւերնոե Բուտովո շրջանում օգոստոսի 21-ի երեկոյան վիրավորված հայ եղբայրների ինքնությունը: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Ռուսաստանում Հայաստանի դեսպանատնից, դիվանագիտական առաքելության ներկայացուցիչներն արդեն կապվել են Սեւերնոե Բուտովոյի ոստիկանության աշխատակիցների հետ, որոնք զբաղվում են տուժածների ինքնության ճշտմամբ: Եղբայրների մոտ միջադեպի պահին փաստաթուղթ չի եղել: Ոստիկանները նաեւ պարզում են միջադեպի հանգամանքները: Կրտսեր եղբորը վիրահատել են եւ նա գտնվում է հիվանդանոցում: Ավագ եղբոր վիճակը գնահատվում է բավարար, եւ նա դուրս է գրվել:
NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Մոսկվայի Սեւերնոյե Բուտովո շրջանում օգոստոսի 21-ի երեկոյան երկու հայաստանցիներ են վիրավորվել։ Ինչպես «ՌԻԱ Նովոստիին» հայտնել էր Մոսկվայի իրավապահ մարմինների աղբյուրը, եղբայրներին ծանր վիճակով տեղափոխել են հիվանդանոց։
Նրա խոսքով, 19։30-ին բուժհաստատությունից ոստիկանություն հաղորդագրություն է ստացվել, որ մետրոյի «Դմիտրի Դոնսկոյի ծառուղի» կայարանից իրենց մոտ է տեղափոխվել դանակի բազմաթիվ հարվածներ ստացած երկու տղամարդ։ «Պարզվել է, որ տուժածները 1985 եւ 1992 թվականներին ծնված հարազատ եղբայրներ են»,- ասել էր գործակալության զրուցակիցը։




























