Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն Ավստրիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Միխայել Շպինդելեգերի հրավերով օգոստոսի 18-19-ը Զալցբուրգում մասնակցել է «Աշխարհի տնտեսության եւ համաշխարհային կառավարման համար նոր հիմքեր» խորագրով ֆորումին, որին մասնակցում էին արտաքին գործերի նախարարներ, տարբեր միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, հեղինակավոր տնտեսագետներ եւ գիտնականներ, միջազգային կորպորացիաների նախագահներ:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Զալցբուրգում Հայաստանի արտգործնախարարը նաեւ երկկողմ հանդիպումներէ ունեցել Ավստրիայի եւ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ:
Ավստրիայի Եվրոպական եւ արտաքին գործերի նախարար Միխայել Շպինդելեգերի հետ հանդիպմանն Էդվարդ Նալբանդյանը քննարկել է երկկողմ քաղաքական, տնտեսական եւ հումանիտար համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Մտքեր են փոխանակվել միջազգային եւ տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:
Էդվարդ Նալբանդյանի եւ Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, հայ-վրացական օրակարգի բազմաթիվ հարցեր:




























