Աշխատանքային այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր` օգոստոսի 22-ին հանդիպել է Գուանդունի փոխնահանգապետ Սյաո Չժիհենի հետ:

ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Գուանդուն նահանգի միջեւ  համագործակցության հնարավորություններին եւ ուղղություններին վերաբերող հարցեր: 

Փոխնահանգապետը ներկայացրել է Չինաստանի ամենահզոր նահանգներից մեկը համարվող Գուանդունի տնտեսական ներուժն ու հզորությունները` տեղեկացնելով, որ զարգացած է գյուղատնտեսությունը, արդյունաբերության մի շարք ճյուղեր, իսկ նահանգային կենտրոն Գուանջոու քաղաքը համարվում է  Չինաստանի խոշոր առեւտրային կենտրոններից:

Սյաո Չժիհենը նշել է, որ հետաքրքրված են Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ, եւ փոխշահավետ ծրագրերի իրականացման պատրաստակամություն հայտնել: Նահանգում մտադիր են զարգացնել զբոսաշրջությունը, եւ փոխգործակցության համար հեռանկարային համարվել ինչպես այդ, այնպես էլ գյուղատնտեսության ոլորտները: Անդրադարձ է եղել նաեւ գյուղատնտեսության ոլորտի վերամշակող ձեռնարկությունների արտադրանքի` Հայաստանից Գուանդուն արտահանման հարցերին:

Հանդիպմանն առանձին քննարկվել է Հայաստանում իրականացվող ծրագրերին Գուանդունի ընկերությունների մասնակցության հարցը` հաշվի առնելով, որ նահանգում գործում են տեխնոլոգիական եւ մեքենաշինական խոշոր ընկերություններ:

Խոսվել է նաեւ Հայաստանի  մարզերի եւ Գուանդունի միջեւ ապակենտրոնացված մակարդակով համագործակցության հաստատման մասին: Ա.Գեւորգյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանների միջեւ ուղիղ շփումների հաստատմամբ եւ փոխնահանգապետին հրավիրեց Հայաստան` հնարավորություններին տեղում ծանոթանալու համար: