«Փեթակ» առեւտրի կենտրոնի շրջակայքի բոլոր խանութները բաց են, բայց ոչ մի բացատրություն չի տրվել՝ ինչո՞ւ է միայն «Փեթակ»-ը փակ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 22-ին, «Փեթակ» առեւտրի կենտրոնի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց բողոքի ակցիա իրականացնող անհատ ձեռներեց Սարգիս Ղազարյանը:
Սարգիս Ղազարյանը խոսքով՝ ԱԻ փոխնախարարը հայտնել է, որ ԱԻՆ-ի փրկարարները «Սուրմալու» առեւտրի կենտրոնի հատվածի ճանապարհն իրենց հսկողության տակ կվերցնեն։
«Ութ օր է քննչականն էլ, հետաքննիչն էլ աշխատել են: «Փեթակ» առեւտրի կենտրոնը կապ չունի այդ թեւի հետ: Փլված շենքի հետեւը բոլորն առեւտուր են անում: Ժողովուրդը վարկեր ունի: Տոնավաճառի տնօրինությունը անվտանգային պայմանները ստեղծել է: Եթե անվտանգությունը չպահենք, ինչպես կարող ենք ասել, որ ժողովուրդը աշխատի»,- ասաց նա:
Անհատ ձեռներեցը նշեց, որ առեւտրի կենտրոնի փակ լինելու պատճառով տնտեսվարողները ֆինանսական վնասներ են կրում:
«Մարդիկ կան, ովքեր օրական 5000 դրամ աշխատում են, տանում են իրենց ընտանիքն են պահում: «Փեթակ»-ի դիմացի մայթի ճանապարհը թող մնա իրենց, որ տեխնիկաները աշխատեն, իսկ այս մայթինը թող բացվի, որ մենք էլ կարողանանք աշխատել: Մեզ ասում են, որ սպասում են քննիչների պատասխանին, քննիչն էլ՝ վերադասի պատասխանին»,- ասաց նա:
Սարգիս Ղազարյանը պատմեց, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետեւանքով Հայաստանում եւ Արցախում հայտարարված սգո օրերին փակ է եղել միայն «Փեթակ» առեւտրի կենտրոնը.
«Հայաստանում սգո օրեր էին հայտարարված, Հայաստանում չենք աշխատել միայն մենք, բոլորը աշխատել են, աշխատել են նաեւ զվարճանքի վայրերը: Մեր սիրտը ցավում է դրանից, բայց պետք է ժողովուրդն էլ ապրի չէ՞»։
Նշենք, որ «Փեթակ»-ը փակ է օգոստոսի 14-ից, երբ հարեւանությամբ գտնվող «Սուրմալու» առեւտրի կենտրոնի ողբերգական պայթյունը տեղի ունեցավ։ Ըստ իրավապահների՝ հարակից խանութները փակ են՝ քաղաքացիների անվտանգությունից ելնելով։
Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի է ունեցել ուժեղ պայթյուն, ինչի հետեւանքով կա 16 զոհ։ Անհետ կորած է համարվում 1 քաղաքացի։ Տուժածների ընդհանուր թիվը 61 է։ Տարբեր հիվանդանոցներում բուժումը շարունակում է 3 տուժած, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել: Պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) եւ 358-րդ հոդվածի 2-րդ մասի (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) հատկանիշներով։











