ՀՀ ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչություն ստացվել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ Երեւանի Պուշկինի փողոցի բնակարաններից մեկում մի խումբ անձանց կողմից իրականացվում է հեռավար կերպով` այլ երկրի ներքին շուկայում, բեռնախոխադրումների կազմակերպման գործունեություն առանց պետական գրանցման։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։

Նշված տվյալներն իրացնելու համար ՊԵԿ Հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության թիվ 11` Երեւանի բաժնի աշխատակիցները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ տվյալ բնակարանում ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հանգամանքնեը պարզաբանելու նպատակով:

Միջոցառումների շրջանակում հետազոտվել է ապօրինի ձեռնարկատիրության հասցեն, պարզվել է, որ նշված բնակարանը բաղկացած է 3 սենյակից եւ 50 քմ մակերեսով սենյակում առկա են եղել սեղան աթոռներ, 20 համակարգչային կոմպլեկտ` 40 մոնիտորով, հեռախոսներ, որոնցից մի մասն օգտագործել են աշխատակիցները։

Իրականացված գործողությունների արդյունքում պարզվել է, բոլոր համակարգիչները միացված են եղել «Ռոստելեկոմ»-ի ցանցին եւ գտնվում են աշխատանքային վիճակում:

Աշխատակիցներից մի քանիսը փորձել են համակարգիչները դուրս բերել բնակարանից, սակայն օպերլիազորների կողմից այն կանխվել է եւ անմիջապես իրականացվել է դեպքի վայրի պահպանում:

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեության համար ՀՀ քրեական օրենսգրքի 281 հոդվածի հանցակազմի հատկանիշներով, կոմիտեի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ՊԵԿ Հետաքննության եւ օպերատիվ հետախուզության ու քննչական վարչության աշխատակիցների կողմից խուզարկվել եւ առգրավել են գործի հանգամանքների համար կարեւոր նշանակություն ունեցող ապացույցները, այդ թվում նաեւ բոլոր համակարգիչները:

Ներկայումս տարվում է նախաքննություն, շարունակվում է նաեւ հետաքննություն` ապօրինի գործունեության կազմակերպիչների ամբողջ շրջանակը պարզելու, ինչպես նաեւ պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու նպատակով։

ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը քաղաքացիներին, մասնավորապես հեռավար կերպով՝ այլ երկրի ներքին շուկայում բեռնախոխադրումների կազմակերպման գործունեություն իրականացնողներին, միջնորդական ծառայությունների կազմակերպիչներին, հորդորում է զերծ մնալ ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մտադրությունից եւ միաժամանակ նախազգուշացնում, որ հարկեր չվճարելու դիտավորությամբ նման գործունեություն կազմակերպելու դեպքում կենթարկվեն պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ։