ԱՄՆ Պետդեպարտամենտի իրավապահ մարմինների եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բյուրոն հայտարարել է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ավագ խորհրդականի պաշտոնի համար մասնագետ փնտրելու մասին։ Ինչպես հայտնում է RT-ն՝ վկայակոչելով համապատասխան փաստաթուղթը, նա իր աշխատանքային ժամանակի մեծ մասն անցկացնելու է Երեւանում ամերիկյան դեսպանատանը։
«Հայաստանում բյուրոյի ծրագրի հիմնական նպատակն է աջակցել ընդունող պետությանը՝ քրեական արդարադատության սեկտորի արդյունավետ եւ թափանցիկ զարգացման համար, որը հարգում է մարդու իրավունքները եւ ակտիվորեն պայքարում կոռուպցիայի դեմ»,- ասվում է տեքստում։ Աշխատանքը, ի թիվս այլ բաների, իրավապահ եւ քրեական արդարադատության արդիականացում, միջազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքար եւ օրենքի գերակայության պահպանում կներառի։
Այս կապակցությամբ ավագ խորհրդականի պարտականությունները, ինչպես բխում է թափուր պաշտոնի նկարագրությունից, կներառեն Հայաստանի կարիքների ուսումնասիրությունը՝ հակակոռուպցիոն եւ իրավապահ գործունեության մասով։
«Խորհրդականը սերտորեն կփոխգործակցի եւ կառուցողական հարաբերություններ կստեղծի Հայաստանի արդարադատության նախարարության, Հակակոռուպցիոն կոմիտեի եւ քրեական արդարադատության հետ կապված այլ գերատեսչությունների գործընկերների հետ»,- ասվում է փաստաթղթում։
Բացի այդ, մասնագետը պետք է հակակոռուպցիոն կոնֆերանսների եւ սեմինարների մասնակցի, համակարգի իր աշխատանքն ամերիկյան կողմի հետ եւ զեկուցի նրան, վերապատրաստի ու ուղղորդի մի շարք հայկական գերատեսչությունների ներկայացուցիչներին։
Փաստաթղթի համաձայն՝ ավագ խորհրդականը կարող է տարեկան 91.5 հազարից մինչեւ 134.3 հազար դոլար ստանալ։ Նրա հետ պայմանագիրը նախատեսվում է կնքել մեկ տարով՝ երկարաձգման հնարավորությամբ։





























