Իրանը զուր տեղը ոչինչ չի անում, նա ցանկանում է Ադրբեջանում իսլամական հանրապետություն ստեղծել, այդ մասին «Ազադլըգ» ադրբեջանական թերթին տված հարցազրույցում հայտնել է նախագահի նախկին խորհրդական, ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն: Գուլիզադեն, անդրադառնալով Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Հասան Ֆիրուզաբադիի հայտարարությանը, նշել է, որ Իրանը հին դիվանագիտությունն է վարում, ցանկանում է Ադրբեջանում իսլամական պետություն ստեղծել, բայց իրականում կրոնական գործոնը չնչին է: «Իրանը կրոնը օգտագործում է քաղաքականության մեջ, ցանկանում է մեծացնել իր ազդեցությունը: Ադրբեջանը Իրանի թիվ մեկ թիրախն է, քանի որ Ադրբեջանը կարեւոր աշխարհագրական դիրք է զբաղեցնում: Թեհրանը չի մասնակցում տարածաշրջանային հիմնական նախագծերին, օրինակ` Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նախագծին: Այդ պատճառով էլ Իրանը Ադրբեջանին թշնամաբար է նայում»,- ասել է Գուլուզադեն:

Նրա խոսքով, ադրբեջանական իշխանությունները Արեւմուտքի համակրանքը շահելու նպատակով հանդես են գալիս իրանական ագրեսիայից պաշտպանվողի դերում. «Իրանի հակաադրբեջանական դիրքորոշումը ակնհայտ է: Նա ցանկանում է Ադրբեջանին իր վերահսկողության տակ առնել: Սակայն մեր քարոզչական մարմինները դրանից օգտվելով, ցանկանում են ցույց տալ Արեւմուտքին, որ դուք մեզնից դեմոկրատիա եք պահանջում, մինչդեռ մենք իսլամական հեղափոխության վտանգի առաջ ենք կանգնած»:

«Ազագլըգ»-ը հայտնում է, որ քաղաքագետը ստեղծված իրադրությունից դուրս գալու ելքը տեսնում է Թուրքիայի հետ համադաշնություն ստեղծելու մեջ: Գուլուզադեն մասնավորապես ասել է. «Ադրբեջանը Թուրքիայի հետ ռազմական դաշինք պետք է ստորագրի, այնուհետեւ երկու պետությունները պետք է համադաշնություն հռչակեն: Ավելին ոչինչ պետք չէ: Դա արդեն ուժեղ ազդակ կլինի Իրանի համար, որպեսզի նա այլեւս չսպառնա Ադրբեջանին, քանի որ կբախվի թուրք-ադրբեջանական դաշինքի հետ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Հասան Ֆիրուզաբադին օգոստոսի 9-ին արված հայտարարության մեջ խստորեն քննադատել է Ադրբեջանի կառավարությանը` «իսլամական սկզբունքներին դեմ գնացող միջոցներ ձեռնարկելու համար»:

Ֆիրուզաբադին մասնավորապես նշել  է, թե Ադրբեջանի նախագահը պետք է իմանա, որ ժողովրդի զարթոնքը չի կարելի ճնշել, եւ սպառնացել է, որ Իլհամ Ալիեւին դաժան ճակատագիր է սպասում, եթե նա պատշաճ ուշադրության չարժանացնի իր նախազգուշացումը:

Դրան հաջորդել էր Բաքվի պաշտոնական արձագանքը: «Ֆիրուզաբադը զինվորական է, եւ նրա նմանօրինակ քաղաքական հայտարարությունները տարօրինակ են: Լավ կլիներ, եթե զինվորականը հանդես գար զինվորական, իսկ քաղաքական գործիչը` քաղաքական հայտարություններով», հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ նախարարության մամլո-քարտուղար  Էլհան Պոլիխուվը:

Նրա խոսքով, Ադրբեջանում պահպանվում է արտասահմանյան երկրների ներքին խնդիրներին չմիջամտելու սկզբունքը: Բացի այդ, նա նշել է, որ Ադրբեջանում չեն ստեղծելու պայմաններ այլ պետությունների կողմից Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու համար եւ այդպիսի հնարավորություն նրանց չի տրվելու: