Լեհաստանը ցանկանում է ձեւավորել պետությունների կոալիցիա, որոնք կպահանջեն, որպեսզի վիզաներ չտրամադրվեն ռուսաստանցիներին Եվրամիության մակարդակով։ Այս մասին PAP-ի հարցազրույցում ասել է Լեհաստանի կառավարող «Իրավունք եւ արդարություն» կուսակցության ներկայաուցիչ Ռադոսլավ Ֆոգելը։

«Մենք հույս ունենք, որ այն երկրները, որոնք այսօր արգելակում են այս առաջարկի իրականացումը, կփոխեն իրենց վերաբերմունքը»,- ավելացրել է նա։

Չեխիան, որը ներկայում նախագահում է ԵՄ-ում, երկու շաբաթ առաջ հայտարարել էր, որ Ռուսաստանի քաղաքացիներին վիզաների տրամադրման արգելքը կարող է լրացնել Մոսկվայի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները։ Սակայն Բեռլինը համաձայն չէ սրան։

«Իրավունք եւ արդարություն» կուսակցության ներկայացուցիչն ընդգծել է, որ Լեհաստանը կողմնակից է, որպեսզի ամենախիստ վիզային սահմանափակումներ մտցվեն։ «Մեր դիրքորոշումը հետեւողական է։ Մենք կողմ ենք, որպեսզի առավելագույն կոշտ սահմանափակումներ մտցվեն եվրոպական մակարդակով ռուսաստանցիներին վիզաներ տրամադրելն արգելելու համար»,- ասել է նա։

«Որպեսզի այդ սահմանափակումները շոշափելի ազդեցություն ունենան, դրանք պետք է մտցվեն ԵՄ-ի մակարդակով։ Ուստի, մենք ցանկանում ենք ստեղծել պետությունների կոալիցիա, որոնք դա կպահանջեն ԵՄ-ի մակարդակով»,- ասել է նա։