ԱՄՆ-ն մերժել է ռուսներին վիզաների տրամադրումն ամբողջությամբ արգելելու վերաբերյալ Ուկրաինայի պահանջը՝ հայտարարելով, որ Վաշինգտոնը չի ցանկանա փակել ապաստարան ստանալու ուղիները ռուս այլախոհների եւ մարդու իրավունքների ոտնահարման համար խոցելի այլ մարդկանց համար, հաղորդում է Reuters-ը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մուտքի արտոնագրերն արգելելու կոչ էր արել այս ամսվա սկզբին Washington Post-ին տված հարցազրույցում՝ ասելով, որ ռուսները պետք է «ապրեն իրենց սեփական աշխարհում, քանի դեռ չեն փոխել իրենց փիլիսոփայությունը»:
Այնուհետեւ Զելենսկին Եվրամիության երկրներին էր կոչ արել արգելել վիզաները Ռուսաստանի քաղաքացիների համար, որպեսզի դաշինքը չդառնա «սուպերմարկետ», որը բաց է մուտքի համար միջոցներ ունեցող յուրաքանչյուրի համար:
Պետքարտուղարության ներկայացուցիչը հայտարարել է, որ Բայդենի վարչակազմն արդեն վիզային սահմանափակումներ է մտցրել Կրեմլի պաշտոնյաների համար, սակայն հստակեցրել է, որ իր ուշադրությունը կենտրոնանալու է «Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման մեջ ներգրավվածների բացահայտման վրա եւ նրանց պատասխանատվության ենթարկելու վրա»:
«Միացյալ Նահանգները չէին ցանկանա փակել ապահով ապաստարանի ուղիները ռուս այլախոհների կամ այլ մարդկանց համար, ովքեր խոցելի են մարդու իրավունքների խախտումների համար,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը: «Կարեւոր է սահմանագիծ տանել Ռուսաստանի կառավարության գործողությունների եւ Ուկրաինայում նրա քաղաքականության եւ Ռուսաստանի ժողովրդի միջեւ»,- հավելել է նա։





























