Միացյալ Նահանգները նախազգուշացրել է թուրքական ձեռնարկություններին չաշխատել ռուսական ընկերությունների եւ անհատների հետ, որոնք արգելափակող պատժամիջոցների են ենթարկվել, գրում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով The Wall Street Journal-ը։
Թուրքական ընկերությունները, որոնք համագործակցում են SDN List-ի ռուս ֆիգուրանտների հետ, կարող են իրենք հայտնվել պատժամիջոցների ցուցակում։ Այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ուոլլի Ադեյեմոյի՝ Թուրքիայում Ամերիկյան Առեւտրային պալատին ուղղված նամակում, որը հայտնվել է WSJ-ի տրամադրության տակ։ Համանման բովանդակությամբ փաստաթուղթ ուղարկվել է թուրքական խոշորագույն TUSIAD բիզնես ասոցիացիային։
Մասնավորապես, նախազգուշացրել է Ադեյեմոն, սահմանափակումների տակ կարող են հայտնվել այն բանկերը, որոնք թղթակցային հարաբերություններ են պահպանում SDN List-ից ռուսական վարկային հաստատությունների հետ։
ԱՄՆ իշխանությունների գրավոր նախազգուշացումը Թուրքիայի վրա ճնշումների նոր մակարդակ է, որը կոշտ պատժամիջոցների սահմանումից հետո «անվտանգ ապաստարան է դարձել է ռուսական կապիտալի համար»։
Անցյալ ուրբաթ ԱՄՆ գանձապետարանը հաղորդագրություն էր տարածել Ադեյեմոյի՝ թուրք գործընկերոջ հետ ունեցած զրույցի մասին, որում ոչ միայն նշվում է, որ քննարկվել է պատժամիջոցների օրակարգը, այլ նաեւ ուղղակի քննադատություն է պարունակվում Անկարայի հասցեին, նշում է պարբերականը։ «Ադեյեմոն մտահոգություն է հայտնել առ այն, որ ռուս իրավաբանական եւ ֆիզիկական անձինք փորձում են օգտագործել Թուրքիան՝ ԱՄՆ-ի եւ 30 այլ երկրների կողմից սահմանված պատժամիջոցները շրջանցելու համար», - նշել է ֆինանսների նախարարությունը։
WSJ-ի տվյալներով՝ ԱՄՆ իշխանություններն այժմ ջանքեր են գործադրում ընդհանուր առմամբ արդյունավետությունը բարելավելու եւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ռեժիմում առկա բացերը փակելու, ինչպես նաեւ սահմանափակումներ մտցնելու համար նրանց նկատմամբ, ովքեր նպաստում են պատժամիջոցներից խուսափելուն։





























