Այսօր տեղի ունեցողի համար պետք է մեղադրել ոչ թե ժողովրդին, այլ քաղաքական առաջնորդներին։ Այս մասին օգոստոսի 23-ին Անկախության հռչակագրի ընդունման 32-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ Գերագույն խորհրդի խորհրդանշական «նիստին» հայտարարեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Մերուժան Տեր-Գուլանյանը։
«Ինչո՞վ են զբաղված քաղաքական կուսակցությունները. դրանք իրենց առջեւ փոքր կուսակցական խնդիրներ են դնում եւ այդ սահմաններից դուրս չեն գալիս»,- ասաց նա։ Տեր-Գուլանյանը կոչ արեց քիչ խոսել եւ ավելի շատ գործել. «Եթե խոսքին գործը չի հաջորդում, ինչո՞ւ են ժողովրդին մեղադրում»,- հարցրեց նախկին պատգամավորը։
Նա հիշեցրեց, որ ներկայիս իշխանությունները եկան ու անմիջապես ոչնչացրին հայերի հետ կապված ամեն ինչ (Հայաստանի պատմությունը, հայոց լեզուն, հայ գրականությունը, պղծեցին Հայ առաքելական եկեղեցին), որպեսզի ժողովրդին հոտի վերածեն եւ հեշտացնեն կառավարումը. «Ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում մենք կորցրեցինք Հայրենիքի զգացումը, մնաց միայն ոչնչացնել պետությունը։ Քանի դեռ Հայաստանը հիմնովին չի կործանվել ու թուրքական վիլայեթ չի դարձել, այս խմբավորումը (իշխանությունները) պետք է հեռանա։ Մենք կորցնում ենք պետականությունը»,- հավելեց Մերուժան Տեր-Գուլանյանը։





























