Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազեմին ընդհատել է իր այցը Եգիպտոս՝ Բաղդադի Բարձրագույն դատական խորհրդի շենքի մոտ բողոքի ցույցերի պատճառով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Իրաքի կառավարության ղեկավարի գրասենյակի հայտարարությունը։
Իրաքի ղեկավարը Եգիպտոսի Էլ Ալամեյն քաղաքում մասնակցել է մի շարք արաբական պետությունների ղեկավարների գագաթաժողովին, որը մեկնարկել էր օգոստոսի 22-ին։
«Երեքշաբթի առավոտյան վարչապետ Մուստաֆա ալ-Քազեմին ընդհատել է իր այցը Եգիպտոս եւ վերադարձել Բաղդադ երկրում իրավիճակի զարգացման ֆոնին եւ իրավապահ մարմինների կողմից դատական համակարգն ու պետությունը պաշտպանելու իրենց պարտականությունների կատարմանն անմիջապես հետեւելու համար»,- ասված է հայտարարության մեջ։
Ավելի վաղ շիա ազդեցիկ քաղաքական գործիչ Մուկթադա աս-Սադրը, ում կողմնակիցները շարունակում են բողոքի ցույցերն Իրաքի խորհրդարանում, կոչ էր արել երկրի Բարձրագույն դատական խորհրդին ցրել օրենսդիր մարմինը։ Դատական իշխանությունը մերժել էր առաջարկը։
Օգոստոսի 23-ին «սադրիստները» «բաց գործադուլ» են սկսել Իրաքի Բարձրագույն դատական խորհրդի գլխավոր շենքի մոտ։ Դրանից անմիջապես հետո դատական իշխանությունը հայտարարեց աշխատանքի դադարեցման մասին։
Հիշեցնենք, որ Իրաքը քաղաքական ճգնաժամի մեջ է։ Դեռեւս 2021 թ. հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո երկրի քաղաքական ուժերին չհաջողվեց հանրապետության նոր նախագահ ընտրել եւ կառավարություն ձեւավորել։





























