Վարանդա համայնքի տարածքում բռնկված հրդեհը մարվել է երեք մարտական հաշվարկի եւ փրկարարների համառ ջանքերով: ԱՀ ԱԻՊԾ տեղեկացմամբ՝ օգոստոսի 22-ին՝ ժամը 11:43-ին, ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մարտունու շրջանի Վարանդա համայնքի հարակից տարածքում հրդեհ է բռնկվել:

Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 11:44-ին Մարտունու հրշեջ-փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ՝ հրշեջ մեքենայով մեկնել է կանչի վայր:

Օպերատիվ իրավիճակը գնահատելուց հետո եւ հրդեհաշիջման աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով, ժամը 12:05-ին, օգնության է ուղարկվել երկրորդ հրշեջ մեքենան եւ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը : Հաշվի առնելով բռնկված հրդեհի վտանգավորությունը եւ տարածման ռիսկերը ժամը 12:27-ին փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարար մասից օգնության է ուղարկվել եւս մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:00-ին, լիկվիդացվել` ժամը 20:30-ին:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Աշան համայնքի հինգ բնակիչ, օգտագործվել է երկու միավոր թրթուռավոր տրակտոր եւ մեկ միավոր ջրատար ավտոմեքենա՝ «Վարանդաշին» ՓԲԸ-ից: Հրդեհի հետեւանքով այրվել է մոտ 150 հա չոր խոտատարածք, թփուտներ եւ հնձած դաշտ: Դեպքի առթիվ ստուգում է իրականացնում ԱԻ պետական ծառայության պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունը: