Թաիլանդի Սահմանադրական դատարանն ընդդիմության միջնորդությունից հետո ժամանակավորապես կասեցրել է վարչապետ, գեներալ Պրայուտ Չան-Օչայի լիազորությունները, հայտնում է Channel NewsAsia-ն՝ վկայակոչելով թայլանդական ԶԼՄ-ները։
Սինգապուրյան հեռուստաալիքի փոխանցմամբ՝ տեղական ԶԼՄ-ները, ինչպիսիք են ThaiPBS-ը, Khaosod-ը եւ Workpoint-ը, հայտնել են դատարանի որոշման մասին՝ առանց աղբյուրներ վկայակոչելու։ Reuters-ին չի հաջողվել ճշտել այդ տեղեկությունը։
Սպասվում է, որ Սահմանադրական դատարանը շուտով պաշտոնական հայտարարություն կանի։
Նշվում է, որ Թաիլանդի սահմանադրությունն արգելում է վարչապետին պաշտոնավարել ավելի քան ութ տարի, իսկ ընդդիմադիր կուսակցությունները նշում են, որ Չան-Օչան, ով իշխանության էր եկել 2014-ի հեղաշրջման արդյունքում, հասել է իր սահմանագծին։ Չան-Օչայի կողմնակիցները պնդում են, որ նա վարչապետ է 2017-ից, երբ ընդունվեց գործող սահմանադրությունը։
Պրայուտ Չան-Օչան պաշտոնապես վարչապետ դարձավ 2014-ի օգոստոսի 29-ին։ Նրա օգտին քվեարկել էր 197 պատգամավորից 191-ը։
Մինչ այդ՝ մայիսին, երկրում ռազմական հեղաշրջում տեղի ունեցավ՝ Չան-Օչայի գլխավորությամբ։ Արդյունքում, 2007-ի սահմանադրությունը կասեցվեց, այնուհետեւ ամբողջությամբ չեղարկվեց, բացառությամբ երկրորդ բաժնի հոդվածների, որոնք նվիրված են Թաիլանդի միապետությանը։





























