ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Մար-ա-Լագոյի իր կալվածքում խուզարկությունից մի քանի ամիս առաջ կոնֆլիկտի մեջ էր իրավապահների հետ, որոնք ցանկանում էին ծանոթանալ նրա գաղտնի փաստաթղթերին, գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով աղբյուրները։
Նշվում է, որ ապրիլի 12-ին Թրամփի փաստաբանները նամակ էին ստացել Ազգային արխիվների եւ փաստաթղթավորման վարչությունից (NARA) այն մասին, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) նախատեսում է ուսումնասիրել գաղտնի փաստաթղթերը, որոնք նախկին նախագահն ինքն էր վերադարձրել պետական մարմիններ հունվարին։
Խոսքը 15 արկղ փաստաթղթերի մասին էր, որոնք նույնպես Սպիտակ տնից Մար-ա-Լագո էին տարվել։ Հայտնի է, որ դրանց ուսումնասիրության համար պաշտոնական հարցումն ուղարկվել էր գործող նախագահի գրասենյակից։ Մայիսին պետական արխիվագետ Դեբրա Ուոլը պատմել է Թրամփի «դիմադրության շաբաթների» մասին, երբ նա փորձում էր խափանել իր իսկ կողմից ուղարկած փաստաթղթերի ուսումնասիրությունը:
Կոնֆլիկտն ի վերջո հանգեցրեց նրան, որ ՀԴԲ-ն օգոստոսի 8-ին ներխուժեց Թրամփի տուն: Խուզարկություններին ծանոթ երկու մարդ հայտնել են, որ այնտեղ հայտնաբերված նյութերի մի մասը «ծայրահեղ գաղտնի» է համարվում: Նշվում է, որ դրանք գաղտնիքներ են պարունակում ԱՄՆ հետախուզության տվյալների հավաքման մեթոդների վերաբերյալ:





























