ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը շատ է ցանկանում մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, քանի որ դրանք ուժերը համախմբելու, ինչ-որ բան էականորեն փոխելու իրական հնարավորություն են ընձեռում, սակայն չի ցանկանում մասնակցել ընտրությունների, որոնք կվերածվեն խուլիգանության։ Օգոստոսի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ինքը՝ Պարույր Հայրիկյանը։
«Եթե ընտրություններն ընտրություն չեն, այլ խուլիգանություն, ավելի լավ է առհասարակ չմասնակցել դրանց։ Միաժամանակ, որպես քաղաքացի, կարծում եմ, որ մեզ համար շատ կարեւոր փուլ է սկսվում՝ համախմբվելու եւ եւ Հայաստանն ավելի լավ երկիր դարձնելու համար»,- նկատեց ԱԻՄ նախագահը՝ միաժամանակ կարծիք հայտնելով, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ դժվար թե լինեն։
Պարույր Հայրիկյանը նաեւ տեղեկացրեց, որ ԱԻՄ-ը 19 կուսակցությունների նամակներ է ուղարկել, որոնցում առաջարկ է հնչեցրել խորհրդարանական ընտրություններին մասնակցել միասնական ճակատով։ «Նպատակը մեկն է՝ Հայաստանը դարձնել ժողովրդավարական երկիր, միասնական ուժերով փրկել մեր հայրենիքը։ Կատարյալ ժղովրդավարական համակարգի վերաբերյալ նամակին 6 կուսակցություններ արդեն իսկ սկզբունքային համաձայնություն տվել են»,- տեղեկացրեց Հայրիկյանը։
Նշենք, որ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում կկայանան 2012 թվականի գարնանը, նախագահական ընտրությունները՝ 2013-ին։




























