Հայաստանի պետական բյուջեից լրացուցիչ 14.5 մլն դրամ է (մոտ 40 հազար դոլար) հատկացվելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների աշխատավարձերի բարձրացումը ֆինանսավորելու համար: Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի` սույն հարցը ներառվել է կառավարության օգոստոսի 25-ի նիստի օրակարգում:

Հիշեցնենք, որ ՀՀ ընտրական օրենսգրքում այս տարվա հունիսին կատարված փոփոխությունների համաձայն` ԿԸՀ նախագահի աշխատավարձը հավասարեցվել է ՀՀ Սահմանադրական դատարանի անդամի աշխատավարձին եւ 300 հազար դրամի փոխարեն կազմում է ամսական 600 հազար դրամ: ԿԸՀ անդամի ամսական աշխատավարձը սահմանվել է 450 հազար դրամ` նախկին 220 հազար դրամի փոխարեն:

Բարձր աշխատավարձեր է սահմանվել նաեւ ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարի համար, որը կստանա ամսական 337 հազար դրամ: Սակայն այդ ծառայության մասնագետների դրույքաչափերը ծիծաղելիորեն ցածր են: Այսպես` գլխավոր մասնագետի համար սահմանվել է 97.2 հազար դրամ դրույքաչափ, իսկ առաջին կարգի մասնագետի համար` 53.7 հազար դրամ: