Վերջին տարիների ժողովրդագրական տվյալները վկայում են, որ Հայաստանում կրկին ծնելիության մակարդակի անկում է սկսվել: Այդ մասին օգոստոսի 23-ին կայացած ասուլիսում հայտնել է ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանը:
Եգանյանի խոսքով, ժողովրդագրական անկումը կապված է նրա հետ, որ վերարտադրողական տարիքի է հասել 90-ականների ծանր տարիներին ծնվածների սերունդը, երբ եւս ծնելիության անկում է գրանցվել: Ժողովրդագրագետի կարծիքով, սարերի ետեւում չէ այն օրը, երբ մահացության գործակիցը կգերազանցի ծնելիության գործակցին: «Հայաստանում ծնելության գործակիցը կազմում է 1.7, մինչդեռ պետք է լինի 2.1, որպեսզի սերունդը կարողանա վերարտադրվել: Ստացվում է, որ մայրերի միայն 2/3 մասն է վերարտադրում իրեն»,- նշել է Եգանյանը` հավելելով, որ 1993-94-ականներից սկսած Հայաստանում ծնելիության գործակիցը 2.7-ից ցածր է եղել:
Ժողովրդագրական տեսանկյունից Հայաստանը համարվում է ծերացող երկիր, քանի որ բնակչության 12 տոկոսը թոշակառու է: Եգանյանի կանխատեսմամբ, երկրին սպասվում են ծանր սոցիալ-տնտեսական ժամանակներ, ինչը դժվար կլինի հաղթահարել: Քաղաքական տեսանկյունից Հայաստանը կկորցնի իր կշիռը տարածաշրջանում:
Ծնելիության անկման պատճառներին անդրադառնալիս ժողովրդագրագետը նշել է, որ պատճառն այն է, որ 90-ականների բնակչության 25-ից 30 տոկոսը անվերադարձ լքել է երկիրը: Քանակական գնահատական տալու դեպքում ստեղծված իրավիճակը 70 տոկոսով երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր իրադրության արդյունք է:




























