ԱՄՆ-ը Թայվանի նեղուցում ներկա ճգնաժամի գլխավոր հրահրիչն է, Վաշինգտոնը պետք է անհապաղ ուղղի իր սխալները՝ տարածաշրջանում հետագա թեժացում սադրելու փոխարեն, հինգշաբթի ճեպազրույցում ասել է Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Թան Կեֆեյը։
«ԱՄՆ-ը, ներկա ճգնաժամի գլխավոր նախաձեռնողը լինելով, պետք է լիակատար պատասխանատվություն ստանձնի։ Վաշինգտոնը պետք է խստորեն հետեւի «մեկ Չինաստանի» սկզբունքին, անհապաղ միջոցներ ձեռնարկի իր սխալներն ուղղելու համար՝ Թայվանի նեղուցում հետագա թեժացում սադրելու փոխարեն»,- ասել է Թան Կեֆեյը։
Նա ընդգծել է, որ չինական բանակի զորավարժությունների քննադատությունն արեւմտյան մի շարք երկրների, ներառյալ ԱՄՆ-ի կողմից, լիովին աղավաղում է փաստերը եւ պատասխանատվությունն ուրիշների վրա դնելու փորձ է։
«Թայվանի նեղուցում ներկա իրավիճակի պատճառը եւ հետեւանքը միանգամայն պարզ են, առաջին հայացքից հասկանալի, թե ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ։ Չինաստանի ժողովրդաազատագրական բանակը զորավարժություններ է անցկացրել Թայվան կղզու մոտ, որոնք եղել են բաց, թափանցիկ, պրոֆեսիոնալ եւ խելամիտ, դրանք նախազգուշացում են եղել սադրիչների եւ կարգը խախտողների համար»,- ավելացրել է նա։
Գերատեսչության ներկայացուցիչն ընդգծել է, որ զորավարժություններն օրինական եւ արդարացի քայլ էին, որ ձեռնարկվել է պետական ինքնիշխանության եւ երկրի տարածքային ամբողջականության պաշտպանության նպատակով։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի Արեւելյան Ասիայի եւ Խաղաղ օվկիանոսի գործերով օգնական Դենիել Քրիտենբրինկը հայտարարել էր, որ Չինաստանը չափազանց սուր է արձագանքել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Թայվան այցին եւ դիմել է սադրանքների եւ սպառնալիքների՝ կղզու վրա ճնշումն ուժեղացնելու համար։ Իր հերթին, Չինաստանում ԱՄՆ-ի դեսպան Նիկոլաս Բեռնսը հայտարարել է, որ Չինաստանի արձագանքն ամերիկյան քաղաքական գործչի կղզի կատարած այցին «չափազանց» էր, եւ նշել է, որ Պեկինը «հիմա պետք է համոզի մնացած աշխարհին, որ ապագայում խաղաղ է գործելու»։





























