Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը մահափորձից պաշտպանվելու համար ութ առանձնատուն է կառուցել։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ վկայակոչելով North Korea Leadership Watch պորտալի հետազոտությունը։

Հրապարակված արբանյակային պատկերներում երեւում են Փհենյանի կենտրոնում գտնվող երկու էլիտար շրջաններում բնակելի շենքերի շարունակվող եւ ավարտված շինարարական աշխատանքները: Նոր առանձնատները գտնվում են Չանգվանգսան համալիրում, այսպես կոչված, «Արգելված քաղաքում», որտեղ ապրում եւ աշխատում են Կիմ Չեն Ինը եւ հյուսիսկորեական էլիտայի հիմնական անդամները։ Տները գտնվում են իշխող կուսակցության կենտրոնական կոմիտեի բաժինների գրասենյակային շենքերի դիմացի փողոցում։ Գերատեսչությունները ԿԺԴՀ-ի քաղաքական մշակույթի ամենաազդեցիկ հաստատություններից են, քանի որ վերահսկում են կառավարության, անվտանգության ուժերի եւ ռազմական կազմակերպությունների գործունեությունը: Պարբերականը նաեւ նկատել է անվտանգության նոր շենքը եւ մի քանի ազատ հողատարածքներ, որտեղ կարող է եւս երեքից հինգ բնակելի շենք կառուցվել:

Վերլուծաբան, տնօրեն եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդության դիտակետի հիմնադիր Մայքլ Մադդենը Daily Mail-ին ասել է, որ շինարարության հնարավոր պատճառներից մեկը Կիմ Չեն Ընի գտնվելու վայրը գտնելը դժվարացնելն է, որպեսզի նրա թշնամիները չիմանան, թե որտեղ է նա քնում եւ չկարողանան հարված հասցնել։

«Դա Հյուսիսային Կորեայի ղեկավարությանը, ինչպես նաեւ դրա հրամանատարությանը եւ ռազմական ակտիվներին ուղղված հարձակում կլինի դրսից», - բացատրել է Մադդենը:

Նրա խոսքով՝ դա «մկան ու կատվի խաղի եւս մի փուլ է, որում Հյուսիսային Կորեայի առաջնորդը խուսափում է արբանյակային պատկերներով իր գտնվելու վայրը ֆիքսելուց»։ Փորձագետը նշել է, որ երբեմն դրա համար կեղծ ավտոշարասյուններ, ստորգետնյա կառույցներ են օգտագործվում։ «Եթե կարծում եք, որ նա մի տանն է, ապա կրկին մտածեք, նա կարող է մեկ այլ տանը լինել»,- հեգնանքով նկատել է նա:

Մեդդենը նաեւ կարծիք է հայտնել, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի «պարանոիդ մարտավարությունը» սկիզբ է առել Չինաստանի առաջին կայսր Ցին Շի Հուանգից, ով, ինչպես համարվում է, ամեն երեկո տարբեր սենյակներում էր պառկում քնելու՝ հարձակումներից խուսափելու համար: