Աբխազիան պատրաստ է միանալ Ռուսաստանի եւ Բելառուսի միութենական պետությանը, ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում հայտարարել է նախագահ Ասլան Բժանիան։
«Այնպիսի հեռանկարի դեպքում, ինչպիսին է Ռուսաստանի միութենական պետությունը, Բելառուսը եւ այլ պետություններ, որոնք կցանկանային միանալ այդ միությանը, մենք սիրով կաջակցեինք այդ գաղափարին եւ այդ պետության լիիրավ անդամներ կլինեինք։ [Միութենական պետության] գաղափարը մոտ է մեզ, մոտ է Աբխազիայի ժողովրդին, դա համահունչ է մեր ազգային շահերին»,- ասել է Բժանիան։
Նախագահի խոսքով՝ Աբխազիան հասկանում է Ռուսաստանի Դաշնության հետ ամուր դաշինքի անհրաժեշտությունը նոր իրողություններում, երբ միաբեւեռ աշխարհը փլուզվել է։
«Ուկրաինայում հատուկ օպերացիայի հաջող ավարտից հետո միանգամայն այլ իրականություն կլինի, եւ, ելնելով նրանից, թե ով է իրեն որպես Ռուսաստանի իսկական բարեկամ դրսեւորել, կստեղծվի Միութենական պետության նոր ուրվագիծը»,- ասել է Բժանիան։





























