Ճապոնիայի ոստիկանապետ Իտարու Նակամուրան հայտարարել է, որ հրաժարական կտա նախկին վարչապետ Սինձո Աբեի սպանության պատճառով, հայտնում է BBC-ն։
Նակամուրան ասել է, որ ուզում է իր վրա վերցնել հուլիսի 8-ին տեղի ունեցած կրակոցների պատասխանատվությունը:
Հետաքննությունը պարզել է, որ նախկին վարչապետին պաշտպանելիս լուրջ սխալներ են թույլ տրվել։
Աբեն գնդակահարվել է Նարա քաղաքում քաղաքական քարոզարշավի ժամանակ ելույթ ունենալիս:
41-ամյա հրաձիգը կարողացել է թիկունքից մոտենալ Աբեին եւ ինքնաշեն ատրճանակով կրակել նրա վրա ելույթի ժամանակ։
Բժիշկների խոսքով, 67-ամյա նախկին վարչապետը պարանոցին փամփուշտի երկու վնասվածք է ստացել եւ սրտի վնասվածք։
Տեղի ոստիկանությունն արդեն ընդունել է Աբեի անվտանգության ապահովման «անհերքելի» թերությունները։
«Անվտանգության նոր ծրագրի վերանայման գործընթացում մենք հասկացանք, որ մեր անվտանգության պարտականությունների ապահովումը պետք է նորից սկսել»,- ասել է Նակամուրան մամուլի ասուլիսի ժամանակ՝ հայտարարելով իր հրաժարականի մասին։
Սինձո Աբեն Ճապոնիայի ամենահայտնի քաղաքական գործիչն է։
Անվտանգության փորձագետները, որոնք դիտել են հարձակման տեսագրությունները, ավելի վաղ Reuters գործակալությանը հայտնել են, որ թիկնապահները կարող էին փրկել Աբեին՝ ծածկելով նրան կամ դուրս բերելով կրակի գծից առաջին կրակոցի եւ մահացու երկրորդ կրակոցի միջեւ ընկած ժամանակահատվածում, որը 2,5 վայրկյան է տեւել:
Կասկածյալ Տեցույա Յամագամին ձերբակալվել է դեպքի վայրում եւ խոստովանել է, որ կրակել է Աբեի վրա։
Նա ասել է, որ կրակել է Աբեի վրա, քանի որ կարծում էր, որ նա կապված է կրոնական խմբի հետ, որը, Յամագամիի խոսքով, սնանկացրել է իր մորը։





























