Հարավային Կորեան բաղադրիչներ մատակարարելու եւ Եգիպտոսի առաջին ատոմակայանի համար տուրբինային շենք կառուցելու 3 տրիլիոն վոնի (2,25 միլիարդ դոլար) պայմանագիր է կնքել ատոմային էներգիայի ռուսական պետական ընկերության հետ, հաղորդում է AP-ն՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրները:

Հարավկորեացի պաշտոնյաները հայտարարել են, որ ԱՄՆ-ը նախապես տեղեկացվել է գործարքի մասին, եւ որ նախագծի համար Սեուլի կողմից տրամադրվող տեխնոլոգիանները չեն հակասելու Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցներին:

Ըստ Հարավային Կորեայի նախագահի աշխատակազմի եւ առեւտրի նախարարության, պետական Korea Hydro and Nuclear Power ընկերության եւ ASE-ի միջեւ կնքված պայմանագիրը պահանջում է, որ հարավկորեացիները որոշակի նյութեր եւ սարքավորումներ տրամադրեն եւ տուրբինային շենք կառուցեն Դաբաայում կառուցվող կայանի համար: Միջերկրական ծովափնյա այս քաղաքը գտնվում է Կահիրեից մոտ 130 կիլոմետր հյուսիս-արեւմուտք:

ASE-ն «Ռոսատոմ»-ի դուստր ձեռնարկությունն է:

Հարավային Կորեայի նախագահի ավագ օգնական Յուն Սուկ Յոլն ասել է, որ բանակցությունները դանդաղել են «անսպասելի փոփոխականների» պատճառով՝ հիմնականում Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի եւ Մոսկվայի դեմ պատժամիջոցների արշավի պատճառով:

Հարավային Կորեայի նախագահի ավագ քարտուղար Չոյ Սան-մոկն ասել է, որ Հարավային Կորեան նախօրոք բացատրություններ է տվել ԱՄՆ-ին՝ կապված Դաբաայի նախագծին մասնակցելու իր ծրագրերի հետ, եւ որ դաշնակիցները կշարունակեն սերտ կապը աշխատանքի ընթացքում։ Մոսկվայի դեմ ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների շրջանակներում Հարավային Կորեան դադարեցրել է գործարքները Ռուսաստանի կենտրոնական բանկի ու սուվերեն ֆոնդերի հետ եւ արգելել է ռազմավարական նյութերի արտահանումը Ռուսաստան:

Ո՛չ Չոյը, ո՛չ Հարավային Կորեայի առեւտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչները չեն հստակեցրել, թե ինչպես են Ուկրաինայի ճգնաժամը եւ Մոսկվայի դեմ պատժամիջոցները ազդել Korea Hydro and Nuclear Power-ի եւ ASE-ի միջեւ բանակցությունների վրա, որը 1200 մեգավատտ հզորությամբ չորս ռեակտորների կառուցման պայմանագիր է կնքել Եգիպտոսի հետ:

Չոյն ընդգծել է, որ նախագծին Հարավային Կորեայի մասնակցությունը չի հակասի Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցներին։

«Ցանկացած հարցում կարող են տարբեր անորոշություններ առաջանալ, բայց այս պահին դրանք բոլորը լուծված են, եւ այդ պատճառով մենք կարողացանք վերջնական տեսքի բերել համաձայնագիրը»,- ասել է նա։

Յունի գրասենյակը հույս է հայտնել, որ Դաբաայի նախագծին Հարավային Կորեայի մասնակցությունը կօգնի երկրին տեղ գրավել Աֆրիկայում ապագա միջուկային նախագծերում, ինչպես նաեւ կբարելավի արտահանման իր հնարավորությունները այնպիսի երկրներ, ինչպիսիք են Չեխիան, Լեհաստանը եւ Սաուդյան Արաբիան:

Korea Hydro and Nuclear Power ընկերությունը դեկտեմբերից մինչ ուկրաինական իրադարձությունները բանակցում էր ASE-ի հետ՝ որպես տուրբինային նախագծի նախընտրելի հայտատու:

Յունը Facebook-ի հայտարարության մեջ նշել է, որ գործարքը հաստատում է Հարավային Կորեայի «առաջադեմ տեխնոլոգիաները եւ անվտանգությունը, ինչպես նաեւ ատոմային էներգիայի մատակարարումների ամուր շղթաները»: Նրա կառավարությունը նպատակ է դրել մինչեւ 2030 թվականը 10 միջուկային էներգետիկ ռեակտոր արտահանել։