Եթե զարգացած երկրներում ծնելիության անկումը պայմանավորված է կենսամակարդակի եւ կրթամակարդակի բարձրացմամբ, ապա Հայաստանում դա պայմանավորված է ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակով: Այդ մասին օգոստոսի 23-ին կայացած ասուլիսում հայտնել է ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանը:

Նրա խոսքով, զարգացած երկրներում դիտվում է ծնելիության անկում, մինչդեռ աղքատ երկրներում գերակշռում են բազմազավակ ընտանիքները. «Հնարավոր չէ երկրի ժողովրդագրական պատկերը շտկել բազմազավակ ընտանիքների հաշվին: Այդ ընտանիքները խնդիրը չեն լուծում, այլ նոր խնդիրներ են ստեղծում, քանի որ ի վիճակի չեն կերակրել եւ ապահովել երեխաներին, որը սոցիալական խնդիրների արդյունք է»:

Ինչ վերաբերում է երեխայի ծնունդի դեպքում հատկացվող նպաստներին, ապա, ժողովրդագրագետի խոսքով, դրանք եւս չեն նպաստում ծնելիության աճին. «Հայաստանում երեխայի ծնունդի դեպքում պետությունը միանվագ 50 հազար դրամ է վճարում, երրորդ եւ ավելի երեխայի ծնունդի դեպքում նպաստը կազմում է 430 հազար դրամ: Սակայն նորմալ ընտանիքները չեն հրապուրվում այդ նպաստներով: Ընտանիքներ կան, որտեղ երրորդ երեխային ունենում են գումար ստանալու եւ պարտքեր վճարելու համար»:

Երկրի ժողովրդագրական պատկերը փոխելու համար Եգանյանը առաջարկում է վարկավորել առաջին ամուսնությունը, ընդ որում վարկի տոկոսները կմարվեն երեխաների ծնունդի դեպքում. «Ելնելով երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակից` երիտասարդները ընտանիք չեն ստեղծում, կամ էլ լքում են երկիրը: Վարկավորման համակարգի կիրառումը կարող է փոխել իրավիճակը»: