Չինաստանի հետ լարվածության աճն ԱՄՆ-ի կողմից Թայվան զենքի մատակարարումների կտրուկ աճի չի հանգեցնի։ Այսպիսի կարծիք հինգշաբթի Reuters-ին անանունության պայմանով հայտնել են կղզուն ամերիկյան զենք վաճառելու բանակցություններին ծանոթ աղբյուրները։

Նրանց կարծիքով՝ հիմնական ուշադրությունը հատկացվելու է Թայվանում գործող զինատեսակների աշխատանքի ապահովմանը եւ առկա համաձայնագրերի իրականացմանը։ «Կարծում եմ, որ Թայվանին նյութեր մատակարարելու փորձ կլինի եւ՝ ոչ միայն զենքի»,- ասել է աղբյուրը։ - Ավելի շատ զինամթերք: Ոչ մի էական բան»:

Սպասվում է, որ այդ մասին կարող է պաշտոնապես հայտարարվել սեպտեմբերին, ինչը ազդանշան կլինի առ այն, որ Պեկինի զորավարժությունները կղզու մոտ չեն ազդել ԱՄՆ-ի կողմից աջակցության վրա։ 2017-ից Վաշինգտոնն ավելի քան 18 միլիարդ դոլարի զենք մատակարարել Թայվանին։

Հինգշաբթի երեկոյան Թայվան էր ժամանել ԱՄՆ Սենատի անդամ Մարշա Բլեքբերնը։ Սա ԱՄՆ օրենսդիրների երրորդ այցն է կղզի մեկ ամսվա ընթացքում։ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին օգոստոսի 2-3-ին այցելել էր Թայբեյ, ինչն առաջացրել էր Պեկինի սուր արձագանքը, որն ի պատասխան լայնածավալ զորավարժություններ էր սկսել կղզու շուրջ։ Օգոստոսի 14-15-ը Թայվան էր այցելել սենատոր Էդ Մարկեի (Մասաչուսեթս նահանգից) գլխավորած պատվիրակությունը։

Միացյալ Նահանգները խզել էր դիվանագիտական ​​հարաբերությունները Թայվանի հետ 1979-ին եւ հաստատել էր դրանք ՉԺՀ-ի հետ։ Ճանաչելով «մեկ Չինաստանի» քաղաքականությունը՝ Վաշինգտոնը, միեւնույն ժամանակ, շարունակում է կապեր պահպանել Թայբեյի վարչակազմի հետ եւ զենք մատակարարել կղզուն։