Պետությունը ոչ լումա չի տվել շուրջերկյա ճանապարհորդություն կատարած «Արմենիա» առագաստանավին, իսկ 20 ամյա նավն արժեր 600 հազար եվրո, այսինքն` մոտ 900 հազար դոլար: Այս մասին այսօր` օգոստոսի 23-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց առաջին հայկական շուրջերկրյա նավարկությունն իրականացնող  արշավախմբի ղեկավար Զորի Բալայանը` արձագանքելով իր հասցեին հնչող քննադատություններին, որ մարդիկ Հայաստանում մի կերպ են հացի փող վաստակում, իսկ ինքը շրջում է առագաստանավով:

«Պետությունը ոչ մի կոպեկ չի տվել, նրանք, ովքեր տվել են, նրանց անունները կգրվեն: Ինչ վերաբերում է մնացածին, ապա բոլորս ստանում ենք աշխատավարձ, ոչ մի կոպեկ պետությունից վերցրած չկանք: Ես կուզենայի իմանալ` ինչ արժեն այն բոլոր նյութերը, որոնք մենք արել ենք ամբողջ աշխարհով մեկ»,- նշեց Զորի Բալայանը` հավելելով, որ իրենք մտնում են առագաստանավերի ֆեդերացիայի մեջ, որը ֆինանսավորվում է սպորտի նախարարությունից: Լրագրողների հետ հանդիպմանն «Արմենիա» առագաստանավի անձնակազմը պատմեց իր տպավորությունները: Նավապետ Սամվել Կարապետյանը նշեց, որ շուրջերկրյա ճանապարհորդության իմաստները մի քանիսն են: Նախեւառաջ, նրա խոսքով, դա կարեւոր է որպես սպորտային նվաճում, քանի որ այն հայկական առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունն է: Պատմական իմաստով նշանակալից է այն, որ որտեղ նրանք գնացել են, թեկուզ մեկ հայ գտել են, նույնիսկ Ինդոնեզիայում հայկական եկեղեցի են գտել: Ճանապարհորդությունը կարեւոր է նաեւ բիզնեսի առումով: Սամվել Կարապետյանի խոսքով` տարբեր երկրներում իրենց ստեղծած կապերը կարող են խթանել ներդրումներն Հայաստանում, ավելի ճանաչելի դարձնել Հայաստանը: «Շատերն են զարմացել, Հայաստանը ծով չունի, բայց նավ ունի»,- նշեց նա: Նավի բոցման Մուշեղ Բարսեղյանը նշեց, որ եթե մի քիչ հնարավորություն լինի, իրենք ցանկություն ունեն շարունակելու ճամփորդությունը:

Նշենք, որ 2009 թ. մայիսի 28-ին իսպանական Վալենսիա նավահանգստից մեկնարկել է «Արմենիա» առագաստանավի շուրջերկրյա ճանապարհորդությունը, որն ավարտվել է 2011թ օգոստոսի 5-ին: «Արմենիա» առագասատանավը կտրել-անցել է 3 օվկիանոս, 5 մայրցամաք,կանգ է առել 23 պետությունում, անցել 42 հազար մղոն եւ 2 անգամ հատել է հասարակածը եւ այդ ճանապարհին նկարահանել է պատմական կոթողները: Հորն հրվանդանում նրանք կանգնեցրել են խաչքար՝ աշխարհում բոլոր ժամանակների անմեղ զոհերի հիշատակի համար: Այս ճամփորդության մասին Զորի Բալայանը պատրաստվում է հերթական հատորը կազմել: Անձնակազմը ճամփորդության մասին նաեւ ֆիլմ կներկայացնի: