ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչն արձագանքել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնին Ֆիլիպ Ռիքերի նշանակման վերաբերյալ Ադրբեջանի արտգործնախարարության կոշտ հայտարարությանը։ Այս մասին գրում է «Ազատություն»-ը։ Ժամեր առաջ Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ժամանակ Պետքարտուղարության Գլոբալ հանրային կապերի բյուրոյի փոխխոսնակ Վեդանթ Պատելն ասել է, թե Ռիքերի նշանակմամբ ԱՄՆ-ը նպատակ ունի հասնել հայ-ադրբեջանական համապարփակ խաղաղությանը։

Ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը Պատելին հարցրել է «ադրբեջանա-հայկական խաղաղության գործընթացում ԱՄՆ դերակատարության մասին՝ հատկապես ԱՄՆ պետքարտուղարի երեկվա հայտարարության համատեքստում»։ «Կարծես, ադրբեջանական կողմը զարմացած է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի եւ կովկասյան հարցերով բանակցություններում ավագ խորհրդականի պաշտոնում դեսպան Ռիքերի նշանակմամբ։ Ադրբեջանի արտգործնախարարությունն այդ նշանակումը բնութագրել է որպես «մի մոտեցում, որը հեռու է տարածաշրջանում հետհակամարտային իրողությունից»։ Կարո՞ղ եք արձագանքել սրան»։

Վեդաթ Պատելն այսպես է արձագանքել. - «Հայաստանին ու Ադրբեջանին եւ դեսպան Ռիքերի նշանակմանը վերաբերող Ձեր հարցի վերաբերյալ...։ Տեսեք, պետքարտուղարը նշանակել է նրան ավագ խորհրդական կովկասյան բանակցություններում՝ ընդգծելու Հարավային Կովկասում խաղաղությանը նպաստելու մեր հանձնառությունը։ Որպես երկիր մենք հանձնառու են նպաստելու Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ուղիղ երկխոսությանը՝ երկկողմ, բազմակողմ [ձեւաչափերով] եւ նույնակերպ մտածող գործընկերների միջոցով՝ հասնալու երկու երկրների միջեւ համապարփակ խաղաղ կարգավորմանը։ Նրա ընտրությունն ընդգծում է մեր հանձնառությունը Ժնեւի միջազգային քննարկումներին, որտեղ մենք շարունակելու ենք Ռուսաստանից պահանջել՝ հաշվետու լինել 2008 թվականի զինադադարի ներքո արված իր իսկ հանձնառություններին։ Դեսպան Ռիքերի՝ դիվանագիտական խորհրդականի առաքելության մի մասն է նաեւ ներկայացնել ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբում եւ Ժնեւի միջազգային քննարկումներում»: