Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ յոթ երկրներ նոտա են հղել՝ Կոսովոյի Հանրապետության անկախության ճանաչումը չեղյալ համարելու համար։ Նրա խոսքով՝ դրանք կհրապարակվեն, եթե Պրիշտինան միջազգային կազմակերպություններին անդամակցելու նոր հայտեր ներկայացնի, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այս պահին իմ եւ արտաքին գործերի նախարարի սեյֆում ճանաչման հետկանչման վերաբերյալ 7 փաստաթուղթ կա։ Մենք աշխատել ենք եւ հաջողություն ենք գրանցել, այդպիսի փաստաթղթերի թիվը չորսից յոթի է հասել»,- ազգին ուղղված հեռուստաուղերձում ասել է պարոն Վուչիչը։
Ալեքսանդր Վուչիչը հավելել է, որ այդ փաստաթղթերը կհրապարակվեն, եթե Կոսովոն տարբեր միջազգային կազմակերպություններին անդամակցելու նոր հայտեր ներկայացնի։
Մայիսին պարոն Վուչիչը հայտարարել էր, որ Սերբիան պայմանավորվել է չորս երկրներից Կոսովոյի անկախության ճանաչումը հետ կանչելու մասին։ Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Կոսովոն դիմել էր Եվրախորհրդին անդամակցության համար։
Կոսովոյի անկախությունը ճանաչել է մոտ 100 երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ն ու ԵՄ մի շարք երկրներ։ Ռուսաստանը տարածաշրջանի անկախությունը չի ճանաչում, գրում է «Կոմերսանտ»-ը։





























