Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը առաջ չի քաշել համոզիչ փաստարկումներ Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Նման կարծիք օգոստոսի 23-ին լրագրողներին հայտնել է բանակցային գործընթացում իշխող կոալիցիայի պատվիրակության ղեկավար, Ազգային Ժողովի հանրապետական պատգամավոր Դավիթ Հարութունյանը:

Նշենք, որ մինչ այդ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցչության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարել էր, թե իշխող կոալիցիայի` մշակման փուլում գտնվող փաստաթուղթը «ավելի լավն է, քան ՀԱԿ-ինը, քանի որ ավելի լավ է հիմնավորում արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունը»:

Դավիթ Հարութունյանը այդ գնահատականը անվանել  է «ոչ ավելին, քան գեղեցիկ հռետորաբանություն»:

Իշխող կոալիցիայի փաստաթղթի ընթերցումը կշարունակվի երկխոսության հաջորդ փուլում` ուրբաթ օրը: Ըստ Հարությունյանի` կոալիցիայի փաստաթուղթը հակափաստարկում է ՀԱԿ-ի` հանրապետությունում տիրող իրավիճակի մասին դիրքորոշմանը, որում մասնավորապես հիմնավորվում է արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը: