Հայաստանում մշակվել են լոլիկի նոր սորտեր, որոնք իրենց համային եւ որակական հատկանիշներով զգալիորեն գերազանցում են ներմուծվող սորտերին:

Այդ մասին լրագրողներին հայտնել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը` օգոստոսի 23-ին այցելելով Բանջարաբոստանային եւ տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն:

Նոր սորտերն ունեն հետեւյալ անունները` «Հայաստանի հրաշք», «Նոյ», «Լիա» եւ «Երազ»: Սրանք հիմնականում միջահաս սորտեր են: «Հայաստանի հրաշք» սորտի պտուղները կլոր են, վառ կարմիր գույնի, 180-200 գրամ զանգվածով:

«Նոյի» պտուղները ավելի ամուր են եւ ավելի խոշոր` 200-220 գրամ: «Լիայի» պտուղները նույնպես կլոր են, 150-160 գրամ զանգվածով, բերքատվությունը կազմում է 800-900 ց/հա, հիվանդությունների եւ վնասատուների նկատմամբ դիմացկուն է: «Երազ» սորտի պտուղները օվալաձեւ են, 70-80 գրամ զանգված ունեն, չոր նյութերի պարունակությունը կազմում է 7-7.2 տոկոս: