Լիբիացի ապստամբները ներխուժել են Տրիպոլիում Մուամար Քադաֆիի նստավայրի տարածք: Ինչպես հայտնում է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը», ապստամբներին հաջողվել է ներխուժել համալիրի արտաքին դարպասներից ներս:

Ալիքի փոխանցմամբ, Բաբ ալ-Ազազիա շրջանում` նստավայրի վրա ծուխ է երեւում, լսվում են պայթյուններ: Տրիպոլիի երկինքը պարեկում են ՆԱՏՕ-ի ինքնաթիռները, սակայն դաշինքի ներկայացուցիչները չեն հաստատել նստավայրի գնդակոծման փաստը, հաղորդում է Lenta.ru-ն:

Բաբ ալ-Ազազիա նստավայրն իրենից ներկայացնում է մի քանի շինություններից բաղկացած համալիր, որը գտնվում է մեծ տարածքի վրա: Այնտեղ բանակային զորանոցներ եւ այլ շինություններ են գտնվում: Ապստամբների տվյալներով, գետնի տակ մինչեւ 30 երկարությամբ թունելներ կան, որոնցով կարելի է Տրիպոլիից հասնել ծով:

Նշենք, որ Տրիպոլիի վրա հարձակումը ապստամբները սկսել են օգոստոսի 20-ին: Օգոստոսի 22-ի գիշերը նրանց հաջողվել է գրավել քաղաքի մեծ մասը, սակայն Քադաֆիի ուժերը դեռ շարունակել են կռիվներ մղել: