Հայաստանի սփյուռքի նախարարությունը եւ «Ակցիա Առողջություն Հայաստան-Ֆրանսիա կազմակերպությունը» համատեղ հոկտեմբերի 29-30-ը Երեւանում կազմակերպելու են Սրտաբանության Եվրակովկասյան 3-րդ համաժողովը: Համաժողովը ՀՀ սփյուռքի նախարարության հետ առաջին անգամ կազմակերպվել է 2009թ. հոկտեմբերին, որին մասնակցել են շուրջ 100 սփյուռքահայ եւ 200-ից ավելի Հայաստանի եւ Արցախի սրտաբաններ:

Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ համաժողովի նպատակն է հայտնաբերել եւ համախմբել աշխարհի հայ սրտաբանների ներուժը Հայաստանում սրտաբանության ոլորտի զարգացման համար, նպաստել Հայաստանի Հանրապետության եւ Սփյուռքի սրտաբանների համագործակցությանը, մասնագիտական որակների բարձրացմանն ու կատարելագործմանը, նորարարական հմտությունների փոխանակմանը, ինչպես նաեւ նոր որակ հաղորդել սրտաբանների հետագա համագործակցությանը:

Համաժողովի ավարտից հետո` նոյեմբերի 2-ին, տեղի կունենա նաեւ հանդիպում Սրտաբանության Եվրակովկասյան համաժողովի պատվիրակությունների եւ ԼՂՀ իշխանությունների հետ: