ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցչությունը շնորհավորել է Ֆիլիպ Ռիքերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ նշանակվելու առիթով:

«Շնորհավորում ենք Ֆիլիպ Ռիքերին Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ նշանակվելու կապակցությամբ», - ասված է ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցչության «Թվիթեր»-ի միկրոբլոգում արված հրապարակման մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կովկասում բանակցությունների գծով նոր ավագ խորհրդական է նշանակել Ֆիլիպ Ռիքերին, որն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահի գործառույթներ:

Ռիքերն այս վճռական շրջանում կդառնա նաեւ ԱՄՆ-ի պատվիրակության առաջատար բանակցողը Ժնեւի միջազգային բանավեճերում։

Պետդեպի հաղորդագրությունում նշվել է, որ ԱՄՆ-ը հավատարիմ է Հայաստանին եւ Ադրբեջանին օգնության ցուցաբերմանը ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման բանակցություններում։

«Ռիքերը երկկողմ հիմքով փոխգործակցելու է համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է Եվրամիությունը, եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերի շրջանակում նպաստելու է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուղիղ երկխոսությանը»,- նշվել է հայտարարությունում։