Արցախի անվտանգության խորհրդի նիստում որոշվել է վաղվանից` օգոստոսի 30-ի ժամը 20:00-ից Հայաստանի հետ կապն իրականացնել նոր երթուղով` Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի տարածքով:

Արցախի նախագահի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ ԱԽ նիստում զեկույցներով հանդես են եկել Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը:

Նշվել է, որ, 2020թ.-ի նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների ստորագրած հայտարարության 6-րդ կետի համաձայն, նոր երթուղին պահպանելու է միջանցքային տրամաբանությունը: Երթուղին Գորիս- Ստեփանակերտ մայրուղուն ժամանակավորապես կապող  մոտ 4,7 կմ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն ավարտված են:

Նիստի մասնակիցներն իրենց ելույթներում ընդգծել են նոր ճանապարհի անվտանգային հարցերի ու քաղաքաշինական նորմերի հետ կապված անհրաժեշտ երաշխիքների ապահովումը և այդ ուղղությամբ պետական համապատասխան կառույցների ու Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության փոխգործակցված աշխատանքի կարևորությունը:

Շահագրգիռ քննարկման արդյունքում Անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել օգոստոսի 30-ի ժամը 20:00-ից Հայաստանի Հանրապետության հետ հաղորդակցությունն իրականացնել նոր երթուղով՝ Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի տարածքով: