Իրանից ԱԹՍ-ների առաջին խմբաքանակը ժամանել է Ռուսաստան։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով «ԱՄՆ-ի եւ դաշնակիցների պաշտոնյաներին»։
Հուլիսի վերջին Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին ասել էր, որ ԱՄՆ-ն ՌԴ ՊՆ-ն իրանական ռազմական անօդաչու թռչող սարքերի գնման որեւէ նշան չի տեսնում։
Ընդ որում, ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասել է, որ ԱՄՆ իշխանությունները ենթադրում են, որ Իրանը նախատեսում է Ռուսաստանին մինչեւ մի քանի հարյուր ԱԹՍ փոխանցել, այդ թվում՝ զենք կրող։ Նրա խոսքով՝ իրանցի մասնագետները նաեւ կվերապատրաստեն ռուս զինվորականներին՝ իրենց ԱԹՍ-ների օգտագործման համար։
Իր հերթին Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանաանին հերքել է ռուսական կողմին ԱԹՍ-ների հնարավոր փոխանցման մասին տեղեկությունը։ Դիվանագետը նաեւ հավելել է, որ Իրանի դիրքորոշումն Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ հստակ է եւ բազմիցս հնչեցվել է։
Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան վերլուծական ինստիտուտը (ISW), վկայակոչելով հետախուզական տվյալները, հայտարարել է, որ Իրանը կարող է Ռուսաստանին գրոհային անօդաչուների խմբաքանակ մատակարարել՝ «Սու-35» կործանիչների դիմաց։
Նշվում է, որ Թեհրանն օդաչուներ եւ սպասարկող անձնակազմ է ուղարկել՝ ռուսական «Սու-35»-ների հետ աշխատել սովորեցնելու համար։ Այդպիսի գործողությունները կարող են հուլիսի վերջին կողմերի ստորագրած համաձայնագրի մի մաս լինել, ըստ որի Իրանը կործանիչներ է ստանում ԱԹՍ-ների դիմաց։




























