Անցյալ տարի Իսրայելի հյուսիսում կրոնական փառատոնի ժամանակ մահացու հրմշտոցը հետաքննող անկախ հանձնաժողովը երեքշաբթի հայտարարել է, որ այն ժամանակվա վարչապետ Բենիամին Նեթանյահուն եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ կարող են մասամբ պատասխանատու համարվել աղետի համար, հաղորդում է AP-ն:
Այս հայտարարությունը կարող է վնասել Նեթանյահուին, որն արդեն դատվում է կոռուպցիայի մեղադրանքով։ Նոյեմբերի 1-ին կայանալիք ընտրություններում նա հույս ունի կրկին վարչապետ դառնալ: Անցյալ ամիս Նեթանյահուն ցուցմունք է տվել, որ ինքը պատասխանատվություն չի կրում հաստատությունում անվտանգության միջոցների բացակայության կամ չպահպանման համար:
Քառասունհինգ մարդ էր մահացել հրմշտոցի պատճառով 2021 թվականի ապրիլին Մերոն լեռան վրա տեղի ունեցած կրոնական տոնակատարության ժամանակ, որին մասնակցում էին մոտ 100 000 հիմնականում ծայրահեղ ուղղափառ հրեաներ: Դա Իսրայելի պատմության մեջ ամենասարսափելի քաղաքացիական աղետն է եղել, որը տեղի է ունեցել տոնակատարության անցկացման վայրի անվտանգության եւ գերծանրաբեռնվածության մասին նախկին զգուշացումների ֆոնին:
Աղետը հետաքննելու համար ստեղծված անկախ հանձնաժողովը հայտնել է, որ Նեթանյահուն, որը վարչապետ է եղել վերջին 12 տարիներին, «գիտեր կամ պետք է իմանար», որ հաստատությունը երկար տարիներ պատշաճ կերպով չի խնամվել:
Իսրայելի Հյուսիսային շրջանի ոստիկանության պետ Շիմոն Լավին անցյալ շաբաթ հրաժարական է տվել՝ իր վրա վերցնելով ողբերգության պատասխանատվությունը։
Անցյալ ամիս հանձնաժողովի առջեւ տված իր ցուցմունքում Նեթանյահուն ասել է, որ ինքը պատասխանատվություն չի կրում անվտանգության միջոցառումների համար եւ միջամտել է միայն կորոնավիրուսային համավարակի պատճառով: Այն ժամանակ առողջապահության նախարարության ղեկավարությունը բացօթյա միջոցառումներին 500 մարդու մասնակցություն էր սահմանել։
Նեթանյահուն նաեւ ասել է, որ ինքն անվտանգության խնդիրները լուծելու համար ավելին է արել, քան իր նախորդները։
Անկախ հանձնաժողովը հետաքննում է անվտանգության տեխնիկայի լուրջ խախտումները ու լեռան գագաթի հրապարակում մեծ թվով մարդկանց ներկայությունը եւ առաջարկել է սահմանափակել այցելությունները եւ վերանայել անվտանգության արձանագրություններն ու ենթակառուցվածքները:





























