Եվրամիության արտաքին գործերի նախարարները, ամենայն հավանականությամբ, կհամաձայնեն կասեցնել Մոսկվայի հետ վիզաների դյուրացման գործարքը եւ ստիպել ռուսաստանցիներին ավելի երկար սպասել ու ավելի շատ վճարել վիզաների համար, երեքշաբթի ասել են դիվանագետները, մինչդեռ միության ներսում առկա են տարաձայնություններ ԵՄ մեկնելու բացարձակ արգելքի շուրջ, գրում է Reuters-ը։
Գերմանիան եւ Ֆրանսիան նախազգուշացրել են, որ արդյունավետ չի լինի շարքային ռուսների մուտքն արգելելը, ինչի կողմնակից է Կիեւը, որին պաշտպանել են ԵՄ որոշ անդամներ, իսկ համաձայնագրի կասեցումը փոխզիջում է, որը կարելի է ձեռք բերել Պրահայի նախարարների երկօրյա հանդիպման ժամանակ:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքն ասել է, թե պետք չէ ավելի հեռուն գնալ: «Չափազանց կարեւոր է չպատժել այլախոհներին, որոնք փորձում են լքել Ռուսաստանը»,- ասել է նա:
Միեւնույն ժամանակ, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հերքել է այն փաստարկը, որ Արեւմուտք ուղեւորությունները կարող են փոխել ռուսների կարծիքը՝ ասելով, որ «Մոսկվան կարճատեւ պատերազմ մղեց Վրաստանի հետ եւ անեքսիայի ենթարկեց Ղրիմը այն բանից հետո, երբ 2007-ին հեշտացրեց ԵՄ մուտքի վիզաների ստացումը»:
Արեւելյան եւ սկանդինավյան երկրները վճռականորեն պաշտպանում են զբոսաշրջային վիզաների արգելքը, իսկ ոմանք ասում են, որ կարելի է տարածաշրջանային արգելք սահմանել, եթե չհաջողվի ԵՄ մակարդակով համաձայնություն ձեռք բերել:
Ֆինլանդիան, որը երկար ցամաքային սահման ունի Ռուսաստանի հետ եւ ասում է, որ չի ցանկանում դառնալ ԵՄ մուտք գործող ռուս զբոսաշրջիկների կենտրոն, կտրուկ կրճատել է նրանց տրամադրվող վիզաների թիվը:
Այս ամսվա սկզբին Էստոնիան փակել է իր սահմանը նախկինում տրված վիզաներ ունեցող ավելի քան 50 000 ռուսաստանցիների համար՝ դառնալով ԵՄ առաջին երկիրը, որը դա արել է:





























