ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ սույն թվականի օգոստոսի 31-ին «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի շրջանակներում հակահաբեկչական ուսումնավարժական միջոցառումներ են իրականացվել Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանում, հարակից տարածքներում, ինչպես նաև Երևան-Թբիլիսի-Երևան երթուղու ուղևորատար գնացքում: Ուսումնավարժական միջոցառումների արդյունքները գնահատվել են դրական, բոլոր անհրաժեշտ խնդիրները համարվել են լուծված:
«Հորդորում ենք բնակիչներին ըմբռնումով վերաբերվել իրավապահ մարմինների կողմից իրականացվող աշխատանքներին, ցուցաբերել հնարավոր աջակցություն և օգտվել բացառապես պաշտոնական լրահոսից: Միաժամանակ, դրսևորել զգոնություն և ուշադրություն դարձնել հասարակական վայրերում ու տրանսպորտային միջոցներում առանց հսկողության թողնված իրերին, առարկաներին և դրանց մասին հայտնել իրավապահ մարմիններին»,-ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություներ էին հայտնվել, որ այսօր ժամը 07։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության և ԱԻՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սասունցի Դավիթ» կայարանում՝ գնացքներում, ռումբեր են դրված։





























