ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի չորրորդ հանդիպումը Բրյուսելում։ Այս մասին նա գրել է Twiiter-ի իր միկրոբլոգում։

«Ողջունում եմ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահի եւ Նիկոլ Փաշինյանի 4-րդ հանդիպումը։ Կարեւոր է շարունակել աշխատանքը խաղաղության պայմանագրի առաջխաղացման եւ հումանիտար ոլորտում ու կապի ոլորտում ջանքերը շարունակելու ուղղությամբ։ ԵՄ-ն շարունակում է համակողմանի մասնակցություն ունենալ, խաղաղ, անվտանգ եւ բարգավաճ Հարավային Կովկասին աջակցելու գործում»,- գրել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։

Հիշեցնենք, որ Բրյուսելում այս ձեւաչափով արդեն երեք հանդիպում է կայացել։ Առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 14-ին, երկրորդը՝ 2022 թվականի ապրիլի 6-ին, երրորդը՝ 2022 թվականի մայիսի 23-ին։