Բոլոր վատագույն կանխատեսումները շարունակում են իրականանալ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նա հիշեցրեց, որ Բրյուսելում երեկվա հանդիպումից առաջ Ալիեւը Հիքմեթ Հաջիեւի բերանով հայտարարեց, որ Բրյուսելից ակնկալում է աշխատանքային խմբի ստեղծում՝ խաղաղության պայմանագիր պատրաստելու համար։
«Հանդիպումից հետո Հայաստանի իշխանությունները մամուլի հաղորդագրություն տարածեցին ոչնչի մասին, բացի այն, որ փորձեցին մեզ մոլորության մեջ գցել, թե իբր խոսել են ղարաբաղյան խնդրի մասին։ Ըստ էության, Բաքվի պահանջները կատարվում են՝ ԱԳ նախարարներին հանձնարարվել է մեկ ամսվա ընթացքում քննարկել նախագիծը, այսինքն՝ աշխատանքային խումբը։
Կատարվում է մեկ այլ դավաճանական քայլ՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների, այսպես կոչված, օրակարգը անջատվում է ղարաբաղյան խնդրից։ Հայաստանի դավաճան իշխանությունը շարունակում է այն գիծը, համաձայն որի՝ ձեռքերը պետք է ամբողջությամբ լվանալ Արցախից։
Եթե խաղաղության պայմանագիրը չարտացոլի Արցախի հետ կապված մոտեցումներն ու կետերը, ապա ստացվում է, որ Հայաստանը «հաշտվում» է Ադրբեջանի հետ, եւ Արցախը գցում է Ադրբեջանին՝ հոշոտելու, կամ, լավագույն դեպքում թողնում է Ռուսաստանին կամ ճակատագրի հայեցողությանը»,- հավելեց Աշոտյանը։
Սա, նրա գնահատմամբ, հաշտեցում չի լինի, այլ Հայաստանը ընդամենը կհայտնվի «կռացած վիճակում»։
«Այժմ Հայաստանը ոչ միայն Արցախի անվտանգության երաշխավորը չէ, այլեւ չի էլ բարձրացնում Արցախի ձայնը միջազգային ասպարեզում։ Եթե նախորդ հանդիպման արդյունքներով հայտարարության մեջ «Լեռնային Ղարաբաղը» դարձավ «Ղարաբաղ» (սա նույնպես ադրբեջանական պահանջ է), ապա այժմ դրա մասին ընդհանրապես հիշատակում չկա, ինչը կրկին լիովին արտահայտում է Բաքվի տեսակետը»,- ընդգծեց նա։
Ինչ վերաբերում է գերիներին եւ այլ խնդիրներին, ապա Հայաստանն այս հարցով չի զբաղվում՝ ունենալով բոլոր իրավական հիմքերը։
«Երեկ ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման հանձնաժողովը զեկույց է հրապարակել Ադրբեջանի վերաբերյալ, որտեղ ասվում է, որ հայ գերիներին խոշտանգում են, խախտվում են նրանց մարդասիրական իրավունքները, որ Ադրբեջանը այլատյացություն է դրսեւորում հայերի նկատմամբ։
Նորմալ իշխանությունները կվերցնեին այդ զեկույցը, ինչպես նաեւ նախկինում հրապարակված մյուս փաստաթղթերը, եւ կդիմեին միջազգային կառույցներին, այլ ոչ թե կներեին Ալիեւին` լվանալով հայերի արյունը նրա ձեռքերից։
Մենք ունենք 303 անհետ կորած, 100-ից ավելի չնույնականացված մարմին, 100-ից ավելի գերի։ Մեր երեխաների ճակատագրով ոչ ոք չի զբաղվում։ Մինչեւ 2018-ի իշխանափոխությունը բանակում տեղի ունեցած միջադեպերի ժամանակ սորոսյան բոլոր լրատվամիջոցները ակտիվորեն բողոքում էին։ Բայց հիմա այդ մարդիկ չկան։
Այս հարցերը չեն լուծվում, քանի որ Նիկոլը քաղաքական իմպոտենտ է։ Նա ի վիճակի չէ դրանք լուծել եւ չի ցանկանում դա անել։ Ինչպիսի՞ն կլինի նա միջազգային ասպարեզում, եթե ներսում նա ու նրա թիմն այս մարդկանց դասալիք կամ գոյություն չունեցող մարդիկ են անվանում։ Սրանք այն նույն հերոսներն են, որոնք նախընտրական քարոզարշավի ժամանակ 1-2 ամիս պետք է սպասեին։ Փաշինյանը կարող էր գոնե ամեն հանդիպման ժամանակ Շառլ Միշելին խնդրել, որ որպես միջնորդ հանդես գա եւ մեր տղաներից 5-10-ին վերադարձնի»,- եզրափակեց ՀՀԿ փոխնախագահը։





























