ԱՊՀ-ի եւ ԵՏՄ-ի Երիտասարդական համաժողովը պատմական նշանակության միջոցառում դարձավ։ Այս մասին «ԱՊՀ-ի եւ ԵՏՄ-ի Երիտասարդական համաժողովի արդյունքները. ի՞նչ նախաձեռնություններ են իրականացվելու» Մոսկվա-Բիշքեկ-Երեւան-Մինսկ տեսակամրջի շրջանակում սեպտեմբերի 2-ին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ Եվրասիական տնտեսական համաժողովի կազմակերպման եւ անցկացման օպերատիվ շտաբի ղեկավար, ԵՏՀ-ի Ընթացակարգի եւ կազմակերպչական ապահովման դեպարտամենտի ղեկավար Դանիյար Տուրուսբեկովը։
Նրա խոսքով՝ Իսիկ Կուլի ափին հավաքվել էին վեց երկրների երիտասարդության ներկայացուցիչները։
«Միջոցառումը տնտեսական թեքվածություն ուներ, ինչը բնորոշ է մեր միավորմանը։ Կարեւոր միջոցառում դարձավ ԵՏՄ-ի եւ ԱՊՀ-ի երկրների երիտասարդության հետ փոխվարչապետերի գործնական նախաճաշը։ Գործնական նախաճաշի ժամանակ երիտասարդությունը նախաձեռնությունները, առաջարկություններն ազատ քննարկելու, ինչպես նաեւ կարծիքներ փոխանակելու հնարավորություն ուներ»,- ասել է Տուրուսբեկովը։
Նա նաեւ տեղեկացրել է, թե հատկապես ինչ է առաջարկել ԵՏՄ-ի եւ ԱՊՀ-ի երիտասարդությունը նշյալ համաժողովում։ Առաջարկներից մեկը եվրասիական գործարար հանրույթների ստեղծումն էր։
«Մեզ նաեւ առաջարկեցին ընդունել երիտասարդական տուրիզմի ծրագրեր։ Այս նախաձեռնությունը ՌԴ փոխվարչապետը հանձնարարեց ներկայացնել ԵՏՀ-ի խորհրդի քննարկմանը, որի նիստը կայանալու է առաջիկայում։ Երիտասարդությունը, մասնավորապես, կոչ արեց ստեղծել ընդհանուր կամավորական ցանց ԱՊՀ-ի տարածքում։ Առաջարկներից մեկն էլ հիմնադրամ, ինչպես նաեւ ակադեմիական մոբիլության ծրագրեր հիմնելն էր։ Առաջարկվեց նաեւ պարզեցնել թվային թափուր տեղերի հասանելիությունը»,- նշել է հանձնաժողովի ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ ԵՏՀ-ի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը հավանություն է տվել համաժողովի մասնակիցների առաջարկներին։ Միջոցառման արդյունքներով՝ բոլոր նախաձեռնություններն առաջիկայում կմտցվեն միության մարմիններ՝ քննարկման համար։
Հիշեցնենք, որ ԱՊՀ-ի եւ ԵՏՄ-ի Երիտասարդական համաժողովը տեղի է ունեցել օգոստոսի 25-26-ին Չոլպոն Աթայում։ Միջոցառմանը մասնակցել են երիտասարդ գործարարներ, պետծառայողներ, դիվանագետներ եւ ուսանողներ։




























