ԱՄՆ-ի դատարանը հրապարակել է նյութերի ամբողջական ցուցակը, որոնք առգրավվել էին Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի Ֆլորիդայի տնից, տեղեկացրել է BBC-ին։

Ցուցակագրման համաձայն՝ գործակալներն առգրավել են 33 տուփ փաստաթղթեր, ներառյալ տասնյակ դատարկ թղթապանակներ՝ «գաղտնի» մակագրությամբ։

Փաստաթղթում նաեւ նշվել է այն մասին, որ Թրամփի աշխատասենյակից առգրավվել են մի քանի փաստաթղթեր՝ «գաղտնի եւ «հույժ գաղտնի» մակագրություններով։

Թրամփը, որի նկատմամբ հետաքննություն է վարվում գաղտնի փատսաթղթերի հետ կապված, չի ընդունում իր մեղքը։

Դատարանի հայտարարության համաձայն՝ օգոստոսի 8-ին Մար-ա-Լագոյի խուզարկության ժամանակ հայտնաբերված իրերի մեջ են.

3 փաստաթուղթ՝ «կոնֆիդենցիալ» մակագրությամբ,

17 փաստաթուղթ՝ «գաղտնի» մակագրությամբ,

7 փաստաթուղթ՝ «հույժ գաղտնի» մակագրությամբ,

43 դատարկ թղթապանակ՝ «գաղտնի» մակագրությամբ,

28 դատարկ թղթապանակ՝  «վերադարձնել հաստիքային քարտուղար/զինվորական օգնականին» մակագրությամբ։

Պաշտոնից հեռանալուց հետո ԱՄՆ նախագահները պետք է իրենց փաստաթղթերը եւ էլեկտրոնային փոստը հանձնեն Ազգային արխիվ։ Արդարադատության նախարարությունը պարզում է՝ արդյոք Թրամփը փաստաթղթերի հետ վարվել է ինչպես հարկն է՝ դրանք վերցնելով Սպիտակ տնից եւ տանելով Մար-ա-Լագո՝ 2021թ. հունվարին նախագահի պաշտոնից հեռանալուց հետո։

Դատախազները հավաստիացնում են, որ Թրամփը եւ նրա փաստաբանները կամովին չեն ներկայացրել համապատասխան փաստաթղթերը, ինչպես նաեւ՝ «հավանաբար թաքցրել կամ ջնջել են» գրառումները՝ հետաքննությանը խանգարելու փորձի շրջանակում։

ԱՄՆ նախկին նախագահը հերքել է այս պնդումները՝ հայտարարելով, որ արդեն գաղտնազերծել է իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը։

Նախկին նախագահը նաեւ պնդել է, որ փաստաթղթերը պահվել են հուսալի տեղում՝ Մար-ա-Լագոյի մառանում։