Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն ասել է, որ այսօրվա դրությամբ ԵՄ-ի ընդլայնումը երկրորդ պլան է մղվել, իսկ Եվրամիության օրակարգը ձեւավորվում է առանձին շրջանակների եւ երկրների նեղ քաղաքական շահերով։
Այս մասին Չավուշօղլուն ասել է Բելգրադում, Բաց բալկանյան նախաձեռնության գագաթաժողովի մասնակիցներին դիմելով։ Միջոցառմանը մասնակցում են Սերբիայի, Ալբանիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Բոսնիա-Հերցեգովինայի, Չեռնոգորիայի եւ Հունգարիայի ներկայացուցիչները, տեղեկացրել է «Անադոլու»-ն։
Նա նշել է, որ մի ժամանակ ընդլայնումը ԵՄ-ի ամենահաջող քաղաքական նախաձեռնություններից մեկն էր։
«Ժամանակակից Եվրամիությունը պարփակվել է իր մեջ, եւ նեղ քաղաքական շահերը կլանել են ընդլայնման օրակարգը։ Ոչ ոք, օրինակ, չի կարող կարգին բացատրել, թե ինչու Ալբանիան եւ Հյուսիսային Մակեդոնիան այդքան երկար պետք է սպասեն ԵՄ ընդունվելուն»,- ասել է Չավուշօղլուն։
Նա նաեւ անդրադարձել է Ուկրաինայի շուրջ իրավիճակին։ «Դա տագնապալի զանգ է։ Մենք դարձել ենք այն բանի վկաները, թե որքան զգայուն է աշխարհը տարբեր հարվածային ալիքների հանդեպ։ Մոտենում է ձմեռը։ Ի հայտ է եկել ընդհանուր խնդիր՝ էներգետիկ եւ պարենային անվտանգություն։ Մենք համագործակցությունից բացի այլ ընտրություն չունենք։ Թուրքիան կշարունակի կատարել իր բոլոր պարտավորությունները ցորենի համաձայնագրի շրջանակում, որը կնքվել է Ստամբուլում։ Մենք նաեւ կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի օգնենք Բալկանների մեր հարեւաններին՝ բավարարելու գազի իրենց պահանջմունքը ձմռանը։ Պատերազմը մեկ անգամ եւս ի ցույց դրեց էներգիայի վերարտադրվող աղբյուրներում համատեղ ներդրումների եւ էլեկտրաէներգիայի եւ գազի շուկաների ինտեգրման կարեւորությունը»,- ասել է Չավուշօղլուն։





























