Շուշիի թեման իշխանությունները օրակարգ են բերել, քանի որ այն քաղաքական, այլ ոչ թե իրավական թեմա է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում իրավական դաշտը անկախ չէ, և չի կարող լինել, քանի որ քաղաքականությունը ինչպիսի տեսլական ընտրում է, իրավական դաշտը այդպես էլ ուղղորդվում է:

Հարցին՝ իշխանությունը կարծես 44-օրյա պատերազմի պարտությունը փորձում է բարդել հրամանատարական կազմի վրա, Խաչատրյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունից հետո, թե ինքը թիվ մեկ պատասխանատուն է, բայց թիվ մեկ մեղավորը չէր, սպասելի էր նման շարունակություն:

«Այս վիճակում այլ տարբերակ չկար, թե այլևս ովքեր էին լինելու պատասխանատուները. սովորական անձի՞նք, կամավորները՞, թե՞ էլ ավելի ցածր օղակի հրամանատարներ, որոնք, մեղմ ասած, պատասխանատվություն չէին կրում»,-ասաց նա:

Հարցին՝ արդյո՞ք Ջալալ Հարությունյանը և Միքայել Արզումանյանը իրենց գործողություններում կթերանային, Տիրան Խաչատրյանը արձագանքեց. «Սխալ է»:

Անդրադառնալով ՊՆ օրենսդրական նախաձեռնության, որով առաջարկվում է 24 մլն դրամ վճարելով ազատվել պարտադիր ժամկետային զինծառայությունից՝ Խաչատրյանն ասաց, որ այս առաջարկում կոռուպցիոն ռիսկեր կան:

«Ստացվում է, որ մարդիկ, որոնք գումար ունեն, կկարողանան բանակից ազատվել, իսկ նրանք, որոնք չունեն՝ չեն կարողանա: Ինչ է նշանակում՝ գումարի դիմաց հայրենիքի ծառայությունից ազատվել: Եթե մարդը գիտակցում է՝ հայրենիքը ինչ բան է, ապա պետք է ծառայի»,- ասաց Տիրան Խաչատրյանը: