Իրանը Ռուսաստանի դեմ հայց է ներկայացրել Միջազգային դատարան, քանի որ Ռուսաստանը հրաժարվել է Իրանին С-300 զենիթա-հրթիռային համակարգեր տրամադրել:

«Իրավական տեսանկյունից մենք գտնում ենք, որ С-300-ի մատակարարումը չի մտնում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի մեջ: Մենք դատական հայց ենք ներկայացրել, որպեսզի դատարանի որոշումը օգնի Ռուսաստանին իրականացնել այդ մատակարարումները, որ Ռուսաստանը իրավական հաղթաթուղթ ունենա»,- Մոսկվայում ասուլիսի ժամանակ հայտնել է Ռուսաստանում Ւրանի դեսպան Մահմուդ Ռեզա Սաջադը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հրաման է ստորագրել «1929 թ.-ից մինչեւ 2010 թ. հունիսի 9-ը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի իրագործման մասին»: Հրամանում, մասնավորապես, արգելվում է Ռուսաստանի տարածքով (այդ թվում օդային ճանապարհով) Ռուսաստանից Իրան ռազմական ինքնաթիռների, ուղղաթիռների, ռազմանավերի, հռթիռների կամ հրթիռային համակարգերի, ինչպես նաեւ С-300 զենիթա-հրթիռային համակարգերի փոխադրումը: