Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը կիրակի հայտարարել է, որ էլեկտրաէներգիայի աճող գների դեմ պայքարի եւ էներգակիրների մատակարարման ավելացման անհապաղ միջոցներ կձեռնարկի, եթե, ինչպես սպասվում է, եկող շաբաթ վարչապետ նշանակվի։
Sunday Telegraph թերթի իր հոդվածում ո՞վ կփոխարինի վարչապետ Բորիս Ջոնսոնին հարցին ի պատասխան Թրասը կրկնել է իր խոստումը՝ «լինել համարձակ բրիտանական տնտեսության խնդիրները լուծելիս», տնտեսություն, որը պայքարում է երկնիշ գնաճի դեմ եւ կանգնած է ռեցեսիայի սպառնալիքի առջեւ։
Հայտարարելով, որ հասկանում է, թե «որքան բարդ է բոլորի համար կյանքի արժեքի ճգնաժամը, Թրասը գրել է, որ «վճռական միջոցներ կձեռնարկի, որպեսզի ընտանիքները եւ ձեռնարկությունները կարողանան հաղթահարել այս եւ հաջորդ ձմեռը»։
«Ընտրվելու դեպքում ես նախատեսում եմ առաջին շաբաթվա ընթացքում մեր նոր վարչակազմին ներկայացնել մեր անհապաղ գործողությունները էլեկտրաէներգիայի հաշիվների վճարման եւ էլեկտրամատակարարման վերաբերյալ,- գրել է նա։- Ավելի ուշ, այս ամսվա ընթացքում իմ կանցլերը ֆիսկալ միջոցառում կիրականացնի՝ տնտեսության վերաբերյալ միջոցների ավելի լայն փաթեթով։»
Նա հայտարարել է, որ իր մոտեցումը կազմված է լինելու երկու մասից՝ կյանքի արժեքի ճգնաժամի հաղթահարման անհապաղ գործողություններ եւ տնտեսական աճի ապահովման պլան։ Նա նաեւ Տնտեսական խորհրդատուների խորհուրդ կհիմնի, որպեսզի «լավ գաղափարներ» ստանա այն մասին, թե ինչպես խթանի տնտեսությունը։
Սպասվում է, որ երկուշաբթի Թրասը կդառնա կառավարող Պահպանողական կուսակցության նոր ղեկավար եւ, հետեւաբար, Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ՝ հաղթելով մրցակցին՝ ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակին։





























