Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր` օգոստոսի 24-ին ընդունել է Հայաստանում Եգիպտոսի արտակարգ եւ լիազոր դեսպան Ուահիդ Գալալին` վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Հայաստանի ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ, ողջունելով հյուրին, Ազգային ժողովի նախագահը նշեց, որ դեսպանի գործունեությունը մեծապես նպաստել է հայ-եգիպտական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը: Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ աշխատանքային հետագա գործունեության ընթացքում պարոն Ուահիդ Գալալը կշարունակի խթանել երկու բարեկամ երկրների միջև առկա հարաբերությունների ընդլայնումը:
Եգիպտոսի դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության եւ այն համագործակցության համար, որ իր պաշտոնավարման տարիներին ծավալվել է Հայաստանի Ազգային ժողովի հետ: Նա բարձր է գնահատել ԱԺ նախագահի ներդրումն այդ համագործակցության մեջ` առանձնահատուկ ընդգծելով 2010թ. հունվարին Հովիկ Աբրահամյանի կատարած պաշտոնական այցը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն:
Ազգային ժողովի նախագահը կարեւորեց ԱՊՀ երկրների հետ տեխնիկական համագործակցության եգիպտական հիմնադրամի կողմից ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատակիցների համար անցկացվող վերապատրաստման դասընթացները եւ դրանց շարունակականությունը : Նա հույս է հայտնել, որ Եգիպտոսում նոր խորհրդարանական ընտրություններից հետո կվերականգնվի հայ-եգիպտական միջխորհրդարանական համագործակցությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:




























