Հայաստանի եւ Ադրբեջանի, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի հարցում երկու սցենար կա։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Դրանցից մեկը, նրա կարծիքով, ենթադրում է Արցախի հիմնախնդրի կարգավորում, որտեղ կմատնանշվեն միայն հայերի իրավունքների ու ազատությունների վերաբերյալ կետեր։ «Հայաստանի իշխանություններն, ըստ էության, Ադրբեջանին հնարավորություն են տվել հարմարավետ դիրք գրավել եւ հայտարարել, որ Արցախի հայերը նույն Ադրբեջանի քաղաքացիներն են, ինչ Ադրբեջանի այլ տարածքներում ապրող մյուս քաղաքացիները»,- նշել է պատգամավորը։

Նա կարծում է, որ կա երկրորդ սցենարը՝ եթե Արցախն ինչ-որ կերպ ամրագրված է փաստաթղթում, ապա Ադրբեջանի վերահսկողությունն Արցախի նկատմամբ կստանա իրավական կամրագրում։ «Բանակցային գործընթացում իսպառ բացակայում է ինքնորոշման իրավունքի սկզբունքը։ Ոչ հայկական, ոչ ադրբեջանական առաջարկներում այս մասին ոչինչ չկա»,- հավելեց Աբրահամյանը։

Պատգամավորը վստահ է, որ, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի հիմնական գաղափարն Արցախն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում աամրագրելն է՝ հաշվի առնելով, որ Հայաստանի ներկայիս իշխանություններն արդեն հրաժարվել են Արցախից։ Նրանք հավանություն են տվել Բաքվի հինգ առաջարկներին, որոնք ոչ մի կերպ չեն արտացոլում հայկական շահերը, չեն առնչվում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման վրա։

«Այսօրվա պայմաններում Հայաստանն առնվազն պետք է ամրագրի այն կետը, որի համաձայն Արցախի հարցը կարգավորված չէ։ Այս թեզի բացակայությունը կնշանակի խնդրի կարգավորում Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։

Մեզ համար կարեւոր կլիներ ամրագրել նաեւ այն կետը, ըստ որի ռուս խաղաղապահների տեղակայումը մեխանիկորեն երկարաձգվում է քանի դեռ հակամարտությունը չի կարգավորվել։ Բայց Հայաստանի իշխանությունների օրակարգում նույնիսկ դա նկատելի չէ»,- ընդգծեց Աբրահամյանը։