Հունաստանը ոչ քաղաքական, ոչ տնտեսական, ոչ էլ ռազմական առումով Թուրքիային հավասար չէ. Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Anatolian գործակալությունը։

«Օգտվելով առիթից՝ ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնել Հունաստանի մասին, որը վերջին շրջանում ուժեղացրել է իր ճնշումն ու լկտիությունը մեր երկրի նկատմամբ։ Հունաստանը քաղաքական, տնտեսական կամ ռազմական տեսանկյունից մեզ հավասար չէ, ուստի եւ մեր հակառակորդը չէ»,- ասել է Էրդողանն Անկարայում նախարարների կաբինետի նիստից հետո։

Հաջորդ շաբաթ, ըստ Թուրքիայի ղեկավարի, Ուզբեկստանում տեղի կունենա «Շանհայի հնգյակի» հանդիպումը։

Էրդողանը նշել է, որ այս հանդիպմանը թուրքական պատվիրակությունը ուղիներ է փնտրելու Կենտրոնական եւ Արեւելյան Ասիայում Թուրքիայի իրավունքների եւ շահերի զարգացման համար։

«Հաջորդ շաբաթ մենք կմասնակցենք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին, կհայտնենք մեր դիրքորոշումները համաշխարհային եւ տարածաշրջանային օրակարգի վերաբերյալ, ինչպես նաեւ բազմաթիվ հանդիպումներ եւ քննարկումներ կանցկացնենք։ Տարածաշրջանում եւ աշխարհում Թուրքիայի աճող ուժը, ազդեցությունն ու պատասխանատվությունը մեզ հուշում են, որ մենք պետք է անընդհատ ընդլայնենք մեր հորիզոնները, դիվերսիֆիկացնենք մեր հարաբերությունները եւ օգտվենք հնարավորություններից: Դա անելու համար մենք պետք է ր հավատարիմ մնանք մեր նպատակներին բոլոր ոլորտներում՝ քաղաքականությունից մինչեի տնտեսություն, եւ համաշխարհային իրադարձությունները մեր օգտին ուղղենք»,- ասել է Էրդողանը:

Այսքան եռանդուն ջանքերի միակ պատճառը, ըստ պետության ղեկավարի, Թուրքիայի եւ նրա ժողովրդի համար այս պատմական հնարավորությունն ամենաբարձր մակարդակով օգտագործելն է։

«Ինչպես մենք շեշտում եւ կրկնում ենք ամեն առիթով, Թուրքիան պետք է ուժեղ լինի եւ անընդհատ ավելացնի իր հզորությունը։ Հակառակ դեպքում մենք հնարավորություն կտանք նրանց, ովքեր ցանկանում են մեր երկիրն աղետների մեջ ներքաշել, որոնց օրինակները մենք բազմիցս տեսել ենք մեր շուրջը»,- հավելել է Էրդողանը։