Աշխատանքային այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր` օգոստոսի 24-ին Պեկինում հանդիպել է Չինաստանի առեւտրի նախարար Չեն Դեմինի հետ:
Հայաստանի ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը քննարկել են երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր: Արձանագրվել է, որ վերջին տարիներին նկատվում է կապերի աշխուժացում, եւ համատեղ քայլեր են ձեռնարկվում դրանք զարգացնելու ուղղությամբ: Գոհունակությամբ նշվել է, որ 2010 թվականին, նախորդ տարվա համեմատ, ապրանքաշրջանառության ծավալների կրկնակի աճ է արձանագրվել, ընդ որում թե արտահանման, թե ներմուծման առումով: Առկա է այդ ծավալները կրկնապատկելու, իսկ հետագայում` ավելի ընդլայնելու մեծ ներուժ:
Հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի վերամշակող ձեռնարկությունների արտադրանքի` Չինաստան արտահանելու հետ կապված հարցերին: Չեն Դեմինը տեղեկացրել է, որ Չինաստանում պարբերաբար կազմակերպվում են առեւտրային, տնտեսական եւ զբոսաշրջային ցուցահանդեսներ, որոնց նպատակը չինական շուկան արտասահմանյան ընկերություններին հասանելի դարձնելն է: Նախարարը նշել է, որ Չինաստանի հսկայական ներքին շուկան բաց է հայաստանյան ընկերությունների համար, եւ չինական կողմը պատրաստակամ է խթանել երկկողմ ապրանքաշրջանառությունը:
Երկուստեք կարեւորվել է գործարար շրջանակները միավորող կազմակերպությունների միջեւ կապերի հաստատման խրախուսումը եւ գործարարների միջեւ կապերի ստեղծումը, ինչը նախադրյալներ կստեղծի շփումների ակտիվացման համար: Հեռանկարային է համարվել զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը: Դրան կնպաստի նաեւ օդային կանոնավոր հաղորդակցության հաստատումը, որի ուղղությամբ երկուստեք քայլեր են ձեռնարկվում:
Կողմերն ընդգծել են համատեղ նախագծերի իրագործումը փոխգործակցության համար հեռանկարային մի շարք` էներգետիկայի, հանքարդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների զարգացման եւ հեռահաղորդակցության ոլորտներում:
Կարեւորվել է չինական փորձի ուսումնասիրումը, ինչպես նաեւ չինական կողմի մասնակցությունը Հայաստանում ձեւավորվող ազատ տնտեսական գոտու զարգացմանը:




























